կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 09:37
Հասարակություն

Օսիպյանը հավաքը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում փոխանցեց. Փաշինյանը պատռեց այն

Օսիպյանը հավաքը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում փոխանցեց. Փաշինյանը պատռեց այն

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները շարունակում են մայրաքաղաքում անհնազանդության գործողություններ իրականացնել:

Առավոտյան Փաշինյանի կողմնակիցները դարձյալ փակել են Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ և խաչմերուկներ: Ոստիկանությունը Մաշտոցի պողոտա-Թումանյան և Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկներից ցուցարարների է բերման ենթարկել: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել ոստիկանության դիմադրության դեպքում չմնալ նույն տեղում, այլ շարժվել և փակել հաջորդ խաչմերուկը:

Բաղրամյան փողոցում շարունակում են կենտրոնացած մնալ ոստիկանության ուժերը: Փշալարարից բացի, այստեղ տեղակայված է նաև ջրցան և զրահապատ մեքենաներ:

Քիչ առաջ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը: «Ոստիկանությունը որոշում է կայացրել հավաքները դադարեցնել՝ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի: Դուք կազմակերպիչ եք, սա փոխանցում եմ Ձեզ, որ տեղեկացնեք հավաքի մասնակիցներին: Հակառակ դեպքում` ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կդիմի գործողությունների»,- դիմելով Փաշինյանին` ասաց Օսիպյանը:

Նիկոլ Փաշինյանը վերցրեց ծանուցման թուղթը և պատռեց՝ հայտարարելով, որ Հայաստանում սկսվել է տոտալ քաղաքացիական շարժում:

Այս պահին ցուցարարները փակել են Պուշկին-Աբովյան խաչմերուկը: