կարևոր
2761 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-21 10:27
Քաղաքական

ԱԳՆ-ն պատռեց փաշինյանական կեղծ իրականության դիմակը․ «Հրապարակ»

ԱԳՆ-ն պատռեց փաշինյանական կեղծ իրականության դիմակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն արեց Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ եւ, ժողովրդի լեզվով ասած` տրաքացրեց փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչական փուչիկը։ ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Մինչդեռ արդեն չորս տարի է՝ պատերազմից ի վեր, Նիկոլ Փաշինյանը խոնարհաբար կատարում է Ադրբեջանի պահանջները՝ հույս ունենալով, թե, ի վերջո, խաղաղությունը կգա տարածաշրջան, կստորագրվի բաղձալի պայմանագիրը։ Սկզբում համոզում էին, թե խաղաղության գալուն խանգարում է Արցախը, 2022-ին Պրահայում Արցախի հանձնման հիմքերը դրվեցին, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին հայտարարություն՝ պարտավորվելով Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, գծել հայ-ադրբեջանական պետական սահմանը, որն իբր մեզ թույլ կտա «խաղաղ, անվտանգ ապրել»։ Իսկ երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ՀՀ իշխանությունը մատն անգամ չշարժեց` պաշտպանելու համար, իբր խաղաղությունը պահպանելու մտադրությամբ:

Իրականում, խեղաթյուրելով Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակությունը՝ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ ազատություն տվեց Ալիեւի ձեռքերին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով: Մինչ օրս Ադրբեջանը չի համաձայնում անգամ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել որպես խաղաղության հիմք, որովհետեւ տարածքային նկրտումներ ունի բուն Հայաստանի նկատմամբ․ չի ուզում իրեն սահմանափակել կոնկրետ տարածքով: Եվ հիմա էլ «սահմանազատում» է պարտադրում` վիճահարույց քարտեզներով, պատերազմի սպառնալիքով եւ մեզնից խլվածը հետ չտալու ցինիզմով: Ադրբեջանի մտադրությունների մասին է հուշում նաեւ այն, որ նույնիսկ Հայաստանի՝ 28․743 ք/կմ տարածքի հիշատակում երբեւէ չեն արել։ Փոխարենը նորանոր պահանջներ են դնում ՀՀ իշխանությունների առջեւ, սրանք էլ հերթով կատարում են՝ իբրեւ թե խաղաղության համար։

Դիցուք, Տավուշի չորս գյուղերն էլ` սահմանազատման անվան տակ, Փաշինյանը թշնամուն հանձնեց, հանձնեց Հայաստանի պաշտպանական լավագույն դիրքերը, ստրատեգիական բարձունքները, մի ամբողջ գյուղ երկու մասի բաժանեց` տավուշցիներին համոզելով, թե «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք», «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չունենք անվտանգության երաշխիքներ, եւ, հետեւաբար, էս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր գործողությունը․ մենք պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ եւ մենք հիմա ոչ միայն սահմանազատում ենք անում: Սահմանազատման նպատակն է՝ իրականացնել անվտանգության երաշխիքների ձեւավորում, եւ սահմանային սյուները երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»: Այդ չարաբաստիկ սյուները տեղադրելն էլ որպես մեծ հաղթանակ ներկայացրին ու խաղաղության գրավական, որ սահմանազատումը ոչ թե միակողմանի զիջում է, այլ սահմանի վերարտադրություն` Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով, եւ եթե մենք պատերազմ չենք ուզում, պետք է սյուներ շարենք ողջ երկրի սահմաններով ու հանգիստ ապրենք: Նախօրեին, փաստորեն, ԱԳՆ-ն հերքեց իր վարչապետին` ասելով, որ նոյեմբերից հետո պատերազմ է սպասվում: Ոչ մի սահմանազատում, ոչ մի հանձնված հող ու տեղադրված սյուն խաղաղություն չի բերել ու չի բերելու մեզ:

Ի դեպ, Փաշինյանը դեռ չի հստակեցրել, թե «սահմանազատվող» հաջորդ հատվածները որոնք են լինելու, միայն հայտարարել է՝ հանձնաժողովներն այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը․ այն պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, ապա սահմանազատումը կշարունակվի։ Ըստ պայմանավորվածության՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչեւ հուլիսի 1-ը։

Եվ այս փխրուն, պայթյունա-վտանգ իրավիճակում, երբ խաղաղության ոչ մի երաշխիք չկա, շարունակում է շրջել մարզերով, հանդիպել մարդկանց եւ խաբել նրանց, թե «սահմանազատումն է մեր միակ փրկությունը», «մեր անվտանգության երաշխիքը»: Այդ հայտարարություններից ընդամենը մեկ օր անց ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ վարչապետը հերթական անգամ ստում է` փաշինյանական ֆեյք իրականության մեջ ամեն օր հնարավոր է նոր պատերազմ, եւ ամենեւին էլ սահմանային սյուները, «սահմանի վերարտադրությունը» խաղաղության երաշխիք չեն: Ճիշտ հակառակը՝ որքան Հայաստանը զիջում է, այնքան Ադրբեջանն ագրեսիվ է դառնում, եւ պատերազմի վտանգն էլ մազաչափ անգամ չի նվազում։