Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ վաղը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տնօրենի ընտրություն է լինելու. լրացել է թատրոնի տնօրենի` Գևորգ Խաչատրյանի լիազորությունների ժամկետը /8 տարի/: Որպես տնօրենի թեկնածու` առաջադրվել է 2 ՀՀԿ-ական` «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը և նույն հեռուստաընկերության աշխատակից Արաքս Կիրակոսյանը:
Այսօր թատրոնի դերասանները, ռեժիսորը հանդիպել էին լրագրողների հետ: Նրանք դժգոհ են թեկնածուների առաջադրումից:
Ըստ թատրոնի դերասան Սուսաննա Բաղդասարյանի` խնդիրն այն է, որ իրենք տեղյակ չեն եղել, որ տնօրենի ընտրությունների համար արդեն իսկ մրցույթ է հայտարարվել: «Մշակույթի նախարարությունը թերթում հայտարարություն է տեղադրել, բայց այսօր բոլոր չէ, որ թերթ ենք կարդում: Ստացվել է այնպես, որ հիմա երկու թեկնածու ունենք, որոնց անձի դեմ, ճիշտ է, ոչինչ չունենք, բայց պետք է նշենք, որ նրանք ոչ կոմպետենտ են, քանի որ մասնագիտական կրթություն չունեն: Թատրոնի տնօրենը ոչ միայն վարչարարական, այլ գոնե կիսով չափ պետք է նաև ստեղծագործական հարցերով զբաղվի, չէ՞ որ, ի վերջո, բոլոր լուծումները պետք է տնօրենի կնիքի միջոցով լինեն»,- ասաց նա:
Դերասանուհին նշեց նաև, որ կանանց, որոնք առաջադրվել են, իրենք լավ են ճանաչում և լավ հարաբերությունների մեջ են, բայց զարմացած են, թե ինչո՞ւ նրանք իրենց որոշման մասին տեղյակ չեն պահել: «Մեկ օրում չի որոշվել, չէ՞, որ պետք է առաջադրեն իրենց թեկնածությունը: Իսկ եթե ուզում էին թատրոնի տնօրեն դառնալ, ինչո՞ւ մինչ այս մի հատ չեն եկել թատրոն, չեն խոսել անձնակազմի հետ: Ի վերջո, օտար մարդիկ չենք իրար համար»,- ասաց Բաղդասարյանը:
Թատրոնի դերասաններից Արկադի Ղարագուլյանն էլ նշեց, որ իրենք հանդիպել են առաջադրված թեկնածուներից մեկի հետ և հորդորել հանել թեկնածությունը: Ըստ նրա` թատրոնը հիմա իր ծաղկման շրջանն է ապրում, և պետք չէ փչացնել ամեն ինչ: «Մենք հորդորել ենք, թե` մի\' տարեք թատրոնը կործանման, սա ձեր բնագավառը չէ: Ճիշտ է, այս պահին այլ թեկնածու չկա, սակայն եթե մեզ ժամանակ տան, թեկնածու էլ կլինի: Խնդիրն այն է, որ մենք արձակուրդում ենք գտնվել, իսկ տնօրենը մոռացել էր ժամկետների մասին, քանի որ հիմա թատրոնի բեմի վերանորոգման հարցերով ենք զբաղված: Վերջին պահին ենք միայն իմացել, որ պետք է ինչ-որ մեկի թեկնածությունն առաջադրվեր»,- ասաց Ղարագուլյանը: Նա նշեց նաև, որ եթե իրենց բողոքը տեղ չհասնի, իրենք պատրաստ են դիմել ցանկացած ծայրահեղ քայլի:
Թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենք կռիվ չունեն առաջադրված երկու թեկնածուների անձի կամ նրանց` կուսակցական պատկանելության դեմ, ավելին` իրենց նախկին տնօրենը` Գևորգ Խաչատրյանը, նույնպես ՀՀԿ-ական է: «Նա այսքան ժամանակ մեզ անգամ ընկերական չի ասել, թե` գնացեք, ընտրության ժամանակ այսինչ կուսակցության համար քվեարկեք, քանի որ բոլորս էլ հասկանում ենք` թատրոնը պետք է ապաքաղաքականացված կառույց լինի: Տնօրենի թեկնածուներից մեկին` Մարգարիտա Խաչատրյանին, մենք շատ լավ ենք ճանաչում, ավելին` նա է օգնել, որ թատրոնը ոտքի կանգնի, և հիմա կարծում ենք, որ նա գուցե խորապես չի գիտակցել, որ թատրոնին մասնագիտական կրթությամբ մարդ է պետք` որպես ղեկավար: Եթե թատրոնի տնօրենն է նշանակում կամ հեռացնում դերասաններին, ռեժիսորին, ապա նա, կամա, թե ակամա, մտնում է ստեղծագործական խնդիրների մեջ»,- ասաց ռեժիսորը:
Թատրոնի գեղարվեստական խորհրդական Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ ինքը մի բան գիտի` նման փաստի առաջ ապագայում կկանգնեն մի շարք թատրոններ, եթե օրենքով չկարգավորվի ամեն ինչ: «Մեզ թատրոնի մասին օրենք է պետք, որտեղ էլ պետք է սահմանված լինի, որ թատրոնի տնօրեն կարող է լինել միայն այն անձը, ով մասնագիտական կրթություն ունի: Թե չէ` թատրոնն ափսոս է: Օրենքը մի մարդով չի ստեղծվում, թող հավաքեն բոլոր թատրոնների ղեկավարներին, դերասաններին, որ հասկանան` ինչին պետք է ուշադրություն դարձնել: Թե ի՞նչն է խանգարում, որ օրենքը ստեղծեն, չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի կերպ չեն ուզում դա անել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մշակույթի նախարարությունից պարզաբանել էին, որ պարտադիր չէ թատրոնի տնօրենի մասնագիտական կրթությունը, քանի որ թատրոնն արդեն գեղարվեստական խորհուրդ ունի, թատրոնի անձնակազմն իրավացիորեն նշեց` գեղարվեստական խորհուրդն իրավաբանական ուժ չունի, և տնօրենը կարող է ընդունել կամ չընդունել խորհրդի կայացրած որոշումները:
Ի դեպ, նրանք նշեցին նաև, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է չանտեսել թատրոնի ամբողջ անձնակազմի բողոքն ու հարցին լուծում տալ: Լիահույս են, որ նախարարը կկատարի իր խոստումը: