կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-06 17:05
Հասարակություն

Սոցիալական բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել նոյեմբերից

Սոցիալական բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել նոյեմբերից

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ դրանց շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ամբողջական վերակազմակերպում: Նախարարն ավելացրել է, որ բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել այս տարվա նոյեմբերից: 

Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող քայլերը և ընդգծել, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել համակարգի ներդրման ժամկետները:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ դրանց նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի իրականացման միջոցով: Բացի այդ, երեխայի խնամքի այլընտրանքային միջոցների զարգացման նպատակով 2018 թվականի ընթացքում նախատեսվում է նաև երեխայի խնամքի ու դաստիարակության այլ ձևերի՝ որդեգրման, խնամակալության գործընթացի խթանում, խնամատար ընտանիքների ընդլայնում, փոքր տների ստեղծում:

Տեղեկացվել է նաև, որ զբաղվածության ոլորտում կիրառվում են ռազմավարական նոր մոտեցումներ: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ զբաղվածության ցուցանիշների բարելավմանը կնպաստի նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում զբաղվածության կարգավորման նպատակային փորձնական ծրագրերի իրականացումը, զբաղվածության պետական գործակալության մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Նշվել է, որ 2014-2017 թվականների ընթացքում աշխատանքով ապահովվել է զբաղվածության պետական գործակալությունում գրանցված քաղաքացիների 68,5 տոկոսը: 

Վարչապետն անհրաժեշտ է համարել գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը և նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին: 

Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային օրենսդրության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև մի շարք ծառայությունների թվայնացման ընթացքին: