կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 12:47
Հասարակություն

Պայթյուն լսեցի, հետո զգացի՝ ամեն ինչ քանդվում է. տուժածները պատմում են սննդի կետում պայթյունի մասին

Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում է ստանում Հյուսիսային պողոտայում գտնվող սննդի կետում՝  «Բուրգեր քինգ»-ում, տեղի ունեցած պայթյունից 7 տուժած: Նշենք, որ պայթյունի հարվածի ալիքը ներքևից է եղել, ինչի հետևանքով էլ վնասվել են բոլորի ոտքերը:

19-ամյա Զարուհի Մելիքյանը սննդի կետի մենեջերն է, նույնպես վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Զարուհին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սննդի կետում աշխատում է նախորդ տարվանից, այսինքն՝ ինչ բացվել է: Աղջիկը նշեց, որ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում, ինքն այդ պահին կանգնած է եղել օբյեկտի ընդհանուր սրահում՝ դրամարկղի մոտ:

«Ես դրամարկղի մոտ էի կանգնած, հանկարծ պայթյուն լսեցի ու ընկա գետնին։ Ոչ մի ձայն, ոչ մի արտառոց բան չենք լսել: Հետո զգացի, որ ամեն ինչ քանդվոմ է։ Հիշում եմ նաև, որ միանգամից բոլորին սկսեցին դուրս հանել տարածքից: Ինձ տեղափոխեցին հիվանդանոց. վնասվել է ձեռքս, բայց թեթև, ու կոնքի մոտ բացվածք կար, կարել են։ Ինձ լավ եմ զգում, գուցե հենց այսօր էլ դուրս գրեն հիվանդանոցից»,- ասաց Զարուհին:

Նրա խոսքով՝ նախկինում նման բան չի եղել: Զարուհին, ով, աշխատանքին զուգահեռ, նաև սովորում է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, նշեց, որ եթե սննդի կետը շարունակի աշխատել, ինքն էլ է աշխատելու: «Մեր աշխատակիցները, ղեկավարությունն այցելել են ինձ, հետաքրքրվել որպիսությամբ»,- հայտնեց նա:

Պայթյունից տուժել են նաև ՌԴ 3 քաղաքացիներ: Լիզա Աբրահամովան եղբոր՝ Յարոսլավ Լյուբենկոյի և դասընկերուհու՝ Ալյոնա Ագապովայի հետ դպրոցական արձակուրդները որոշել էր Հայաստանում անցկացնել: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Լիզայի և Յարոսլավի մայրը: Երեխաները նույն հիվանդասենյակում են բուժում ստանում:

«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Եղբորս և դասընկերուհուս հետ նստած էինք սրահում, արդեն իսկ պատվիրել ու սկսել էինք ուտել: Հետո ուժեղ ձայն լսվեց, ընկանք հատակին: Շատ արագ եկան շտապօգնությունն ու ԱԻՆ-ը»,- պատմեց Լիզան:

Ի դեպ, աղջկա ոտքերն են վնասվել, թեթև բացվածքներ է ունեցել, որոնք կարել և վիրակապել են:

Աղջկա եղբայրը՝ Յարոսլավ Լյուբենկոն, նույնպես ոտքերի հատվածում է վնասվածքներ ստացել, բացվածքները կարել են, տեղափոխել հիվանդասենյակ:

«Պայթյուն լսվեց, ես ընկա, հետո մի պահ ոչինչ չեմ հիշում: Սակայն արագ ուշքի եկա, տեսա նաև, որ քրոջս դասընկերուհին՝ Ալյոնան, ընկած է գետնին, փորձեցի նրան դուրս բերել այդտեղից»,- պատմեց Յարոսլավը:

Մանրամասները՝ տեսանյութում: