Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԻՊ-ի պաշտոնի թեկնածուների շարքում հավանական է համարվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, որն առաջարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Երեկ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ում քննարկվում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Նշենք, որ մինչև փետրվարի 9-ը խորհրդարանական խմբակցությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանի` իրենց թեկնածությունները:
Yerkir.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ` տեղեկանալու` Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրման հետ կապված ի՞նչ նոր զարգացումներ են տեղի ունենում, և արդյո՞ք հավանական համարում է Փոստանջյանի` ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը հստակ ասում է, որ ՄԻՊ-ի պաշտոնին կարող է հավակնել այն անձը, ով ճանաչելիություն ունի, հեղինակություն ունի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկարաժամկետ գործունեություն է ծավալել: Բնականաբար, Զարուհի Փոստանջյանն ունի համապատասխան հեղինակություն: Որքան էլ արհեստավարժ լինի պարոն Թաթոյանը, նա մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում գործունեություն չի ծավալել և, դժբախտաբար, հանրության մոտ էլ մեծ ճանաչում չունի: Պարզ է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների, կառավարության անդամների մոտ ճանաչում ունի, բայց հասարակության մոտ ակնհայտ է, որ այդ ճանաչումը չունի»,- նշեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` Զարուհի Փոստանջյանը իրավապաշտպան գործունեություն է անընդհատ ծավալել և իր ողջ հրապարակային գործունեության ընթացքում հենց այդ ոլորտում էլ կայացել է:
«Ժառանգություն»-ը տեսնում է Զարուհի Փոստանջյանին այդ պաշտոնում: Մենք որոշում չենք կայացրել, բայց տեսնում ենք իրեն այդ պաշտոնում, և Զարուհի Փոստանջյանն է, որ պետք է որոշումը կայացնի: Կարծում եմ` Զարուհի Փոստանջյանը որոշում ունի, որ առաջադրվի: Ինչքան տեղյակ եմ, ինքը պետք է նաև համապատասխան թղթեր պատրաստեր, որպեսզի առաջադրվեր»,- ընդգծեց կուսակցության փոխնախագահը և հավելեց` երևի կլինի այն, ինչը սպասելի է, բայց հասարակությունը այլընտրանք պետք է ունենար այս հարցում, և ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանը ոչ միայն այլընտրանք է, այլև իրական թեկնածու:
«Լավ կլիներ, որ Փոստանջյանի հետ առաջադրվեր, ասենք, Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը… Այսինքն` մարդիկ, ովքեր, իրենց իրավապաշտպան գործունեությամբ հայտնի են: Այս պարագայում` միակ իրական թեկնածուն, որ բոլոր չափանիշներով համապատասխանում է, Զարուհի Փոստանջյանն է»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: