կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 17:58
Իրավական

«Նա կարող էր կանխել Շամիրամի սպանդը». Թելման Քալաշյանի հորեղբորն ազատ չեն արձակի

2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության և 7 անձի հրազենով վիրավորում հասնելու գործով այսօրվա դատական նիստն անցավ ավելի լարված մթնոլորտում, քան նախորդ՝ առաջին դատական նիստը: Տեղեկացրել ենք, որ այսօր նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը ստիպված եղավ դատական սանկցիա կիրառել և դատական նիստերի դահլիճից հեռացնել գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանին ու գործով տուժողներից երկուսին: Ըստ դատավորի՝ հիշյալ անձինք չեն ենթարկվել նախագահողի օրինական պահանջին և, առանց թույլտվության, տեղից վիրավորական արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին:

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը` Քյարամ Քալաշյանը: Նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու մեջ: Համաձայն գործի նյութերի՝ սգո սրահից դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի:

Այսօրվա նիստում Թելման Քալաշյանը հայտնեց, որ ինքը 5-ամյա կրթություն ունի, իսկ խնամքի տակ 4 երեխա կա: Քյարամ Քալաշյանն էլ ասաց, որ ինքը 3-ամյա կրթություն ունի:

Այսօրվա նիստում Քալաշյանների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Քյարամ Քալայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Նրա խոսքով՝ հորեղբայրը փրկել է Թելման Քալաշյանին, քանի որ գործով տուժողները հետապնդել են նրան և ցանկացել վրեժխնդիր լինել: «Եթե իմ պաշտպանյալը այդ պահին չհասներ, ավելի շատ զոհեր կլինեին, առնվազն 3-4 կորուստ կլիներ»,- ասաց Գրիգորյանը: 

Նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը հակադարձեց, որ դրանք պաշտպանի ենթադրություններն են, այլ ոչ թե նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներ:

Գրիգորյանի խոսքով՝ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում թեև իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն քննիչը գրել է, որ նա ընդունում է առաջադրված մեղադրանքը: Փաստաբանը միաժամանակ հայտնեց, որ Քյարամ Քալաշյանը պարկեշտ անձնավորություն է, երբեք իրավապահների հետ խնդիրներ չի ունեցել, իսկ նրա բնակության վայրից ստացված տեղեկանքի համաձայն՝ Քալաշյանը բնութագրվել է դրական:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ: Ըստ մեղադրողի՝ ողջամիտ կասկածներ կան, որ Քյարամ Քալաշյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի քննությունից, բացի այդ` նրան մեղսագրվող արարքի հանրային վտանգավորությունը բարձր է: Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում Քալաշյանին իրավապահները փնտրել և հայտնաբերել են բնակավայրից դուրս:

Այս գործով տուժողների ներկայացուցիչ Բաբկեն Մարտոյանն էլ իր հերթին առարկեց ներկայացված միջնորության դեմ՝ կարծիք հայտնելով, որ Քալաշյանին առաջադրված մեղադրանքը բավականին մեղմ է: «Քալաշյանը մեղադրվում է ծանր հանցագործություն պարտակելու համար, սակայն մենք այն կարծիքին ենք, որ նա կատարել է ոչ թե նախապես չխոստացած պարտակում, այլ հակառակը՝ նախապես խոստացել է պարտակել հանցագործությունը, օժանդակել է սպանությանը: Սգո սրահում գտնված միակ մարդը եղել է Քյարամ Քալաշյանը, ով ցանկության դեպքում որևէ կերպ կարող էր կանգնեցնել հարազատ եղբորորդուն՝ Թելման Քալաշյանին, սական նա ոչինչ չի արել, այլ դուրս է եկել սրահից և դրսում սպասել այնքան ժամանակ, մինչև Թելման Քալաշյանը դուրս է եկել սրահից: Թելման Քալաշյանին հետապնդել և նրա փախուստը փորձել են կանխել միայն Մամե Օզմանյանը, ում աչքի առաջ սպանվել է նրա հարազատ եղբայրը: Մամե Օզմանյանի հետ նույն ավտոմեքենայում եղել է նաև Վազո Օզմանյանը: Մամե Օզմանյանը Քալաշյանին հետապնդել է իր աչքի առաջ կատարված սպանություններից անմիջապես հետո՝ պահի թելադրանքով: Երբ հասել են մեքենային, Թելման Քալաշյանը կրակել է Մամե Օզմանյանի ուղղությամբ»,- հայտարարեց Մարտոյանը՝ նշելով, որ եթե Քյարամը փրկելու լիներ իր հարազատին, ոչ թե նրան կթաքցներ, այլ կհանձներ իրավապահներին:

Անդրադառնալով քննիչի կողմից Քյարամ Քալաշյանի ներկայացրած տվյալները խեղաթյուրելուն, փաստաբանը նշեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քալաշյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով: Ներկայումս այդ գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տուժող Միշա Օզմանյանն էլ իր հերթին հայտարարեց, որ դեմ է Քյարամ Քալաշյանի խափանման միջոցը փոխելուն: Նա հայտնեց, որ Քյարամը մեծ բարեկամություն ունի, ովքեր կարող են օժանդակել, որ նա թաքնվի քննությունից: «Եթե ինքը փրկող լիներ` կափսոսեր էդ երիտասարդներին՝ 30 տարեկաններին, կկանգներ իրա ախպոր տղու դեմը, որ էդ ավազակը չփախչեր»,- ասաց նա: «Բա էդ ավազակի փողը ո՞վ ա տալու»,- տեղից բացականչեց Թելման Քալաշյանը, ինչից հետո նիստերի դահլիճում դարձյալ իրարանցում սկսվեց:

Խորհրդակցական սենյակում 15 րոպե քննելով ներկայացված միջնորդությունը՝ դատավորը մերժեց այն:

Այսօրվա նիստում ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և իրեն ժամանակ տրամադրել օրեր առաջ ստացած քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դեռևս նախորդ դատական նիստում պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալները մեղադրական եզրակացությունները չեն ստացել: Դատարանը հարցումներ է կատարել և պարզել, որ դեռևս հունվարի 18-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում Քյարամ Քալաշյանը ստացել է մեղադրական եզրակացությունը, իսկ Թելման Քալաշյանը փետրվարի 14-ին հրաժարվել է ստանալ եզրակացությունը: Մեկ այլ գրությամբ էլ դատարանը տեղեկացվել է, որ փետրվարի 27-ին Թելման Քալաշյանը ստացել է եզրակացությունը: Այսինքն՝ նախորդ դատական նիստի օրը ամբաստանյալներից մեկը ստացած է եղել եզրակացությունը, իսկ մյուսը հրաժարվել է ստանալ: Կրոմվել Գրիգորյանը, սակայն, նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված պատասխանն իրականությանը չի համապատասխանում: Նշենք, որ Քյարամ Քալաշյանը նախապես եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ապա` տեղափոխվել «Արմավիր»:

«Այսինքն՝ օգտվելով առիթից, որ իմ պաշտպանյալը անգրագետ է, ունի երրորդ դասարանի կրթություն, թղթերը դրել են, և ստորագրել է»,- հայտարարեց պաշտպանը և նշեց, որ այս պահին գործի նյութերին ծանոթ չէ: Նա միաժամանակ ասաց, որ իր պաշտպանյալներից Քյարամ Քալաշյանը տառաճանաչ չէ և չի կարող ծանոթանալ գործի նյութերին: Նա միջնորդեց՝ ընթերակայի միջոցով Քյարամ Քալաշյանին ծանոթացնել գործի նյութերին:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում Քյարամ Քալաշյանին ներկայացրել են եզրակացությունը և դրա վերաբերյալ նրան պարզաբանումներ տրվել, սակայն երբ քննիչը ցանկացել է ներկայացնել դրանք, նա կալանավայրի սենյակից դուրս է եկել:

Նախագահող դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը, ինչից հետո Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ է ներկայացնում: Նախագահող դատավոր Սուրեն Մնոյանն ասաց, որ թույլ կտա պաշտպանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը պնդեց, որ դատարանը դեռևս չի անցել դատաքննության փուլին, և դատավորը չի կարող իրեն արգելել ինքնաբացարկ հայտնել:

Ի դեպ, նախագահող դատավոր Սուրեն Մնոյանին ակնհայտորեն դուր չեկավ այն, որ լրագրողները տեսանկարահանում են դատաքննության անցնելու հարցի շուրջ ծագած դատավոր-փաստաբան վեճը: Դատավոր Մնոյանը լրագրողներին թույլ չտվեց տեսանկարահանում իրականացնել: Լրագրողները հայտնեցին, որ դատավորն իրենց թույլատրել է մինչ դատաքննության մեկնարկը տեսանկարահանում իրականացնել, և քանի դեռ իրենք այդ հարցը չեն պարզել, լրագրողները կարող են իրենց գործառույթն իրականացնել: Այնուամենայնիվ, դատավորը չփոխեց տեսանկարահանում չիրականացնելու վերաբերյալ իր դիրքորոշումը:

Փոխարենը դատավորը թույլատրեց փաստաբանին` իր դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ միջնորդությանը պատրաստվելու համար իրեն ժամանակ է հարկավոր:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 23-ին:

Թագուհի Մելքոնյան