կարևոր
1681 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-07 12:50
Հասարակություն

Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով. հայցն ըմդդեմ Դավիթ Քալաշյանի է

Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով. հայցն ըմդդեմ Դավիթ Քալաշյանի է

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։ «Դատալեք» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործարարը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և դեռևս մակագրված չէ։

Հայցադիմումի առիթը եղել է Քալաշյանի՝ պարբերական բնույթ կրող հայտարարությունները, որոնք հայցվորի գնահատմամբ զրպարտություն են համարվում։

Որպես հերքման տեքստ Կարապետյանը պահանջում է հրապարակել տեսաուղերձ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ես՝ Դավիթ Քալաշյանս, 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 թվականը «facebook.com» սոցիալական կայքի էջումս տեղադրել եմ մի շարք տեսանյութեր և հրապարակումներ, որտեղ հրապարակային տեղեկություններ եմ ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։ Զերծ կմնամ նախկին հրապարակումներում տեղ գտած զրպարտչական արտահայտություններն այս հերքմամբ կրկնելուց, միայն կնշեմ, որ ես ընդունում եմ, որ դրանք անհիմն էին և չպետք է հրապարակվեին։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։ Ֆեյսբուքում տեսաուղերձի անհնարինության դեպքում Կարապետյանը պահանջել է հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 (հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է նշել տեսաուղերձով:

Կարապետյանը նաև պահանջել է Դավիթ Քալաշյանից հօգուտ իրեն բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Նշենք, որ սա գործարարի թվով 16-րդ հայցադիմումն է՝ զրպարտության և վիրավորանքի համար։ 

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև ԱԺ  «ՔՊ»-ական  պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի,  որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյան դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։ Առանձին հայց ներկայացվել է նաև ՔՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաև բարոյական փոխհատուցման հարց։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի վրա դատարանն արգելանք է դրել՝ 9 մլն դրամի չափով։ 

Աղբյուր՝ Փաստինֆո