Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանի կարծիքով` պետք է բարձր գնահատել երկրի 4-րդ նախագահի` Արմեն Սարգսյանի ընտրությունները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել այն, ինչ նոր Սահմանադրությունը պահանջում էր:
«Հրավիրվել է մարդ, որը լուրջ կենսագրություն ունի, գիտնական և մտավորական է, ունի կապեր աշխարհում, ինչը նպաստ կբերի մեր երկրի ինվեստիցիաներին: Ընտրության արդյունքները սպասելի էին»,- ասաց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ` նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ 4-րդ նախագահի ունեցած լիազորությունները քիչ չեն, և ամեն ինչ հարաբերական է: «Օրինակ` Չինաստանում նախագահը ցմահ է լինելու, հայկական երկրորդ պետությունում (Արցախ /խմբ./) նախագահական իշխանություն է, որովհետև պատերազմական պայմաններում է երկիրը: Նույնը կարող եմ ասել ՀՀ-ի համար` չավարտված պատերազմի պայմաններում կարևորում եմ թե' վարչապետի, թե' նախագահի դերը: Նախագահի պարագայում այն դեպքն է, որ անձն իրենով արժեւորելու է այն պաշտոնը, որը ստանձնել է, քիչ, բայց կարևոր լիազորություններով»,- ասաց նա:
Մանասերյանը չի ընդունում այն պնդումները, թե երկրի չորրորդ նախագահն «անգլիական թագուհի» է: «Չեմ կարծում` Արմեն Սարգսյանն այն անձն է, որ կբավարարվի ֆորմալ գրվածով, այլ ոչ թե իր ժողովրդի խնդիրներով»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի թեկնածուի թեմային և այն հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թվականին հայտարարել էր, որ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, Մկչտիչ Մինասյանը նշեց, որ խորհրդարանական համակարգի պայմաններում պետք է ընտրել վարչապետ և կառավարություն` հաշվի առնելով երկու հանգամանք: «Առաջին` պետք է հաշվի առնել երկրի, պետության առջև ծառացած խնդիրներն անվերապահորեն կատարելը, լուծելը, երկրորդ՝ Արցախի և մեր երկրի անվտանգության խնդիրները: Սրանից ելնելով` պետք է ընտրել այնպիսի կառավարություն և վարչապետ, որ այս երկու խնդիրները կարողանան լուծել: Օրենքի ոչ մի պահանջ չպետք է խախտվի, և պետք է լուծվի երկրի անվտանգության ու Արցախի խնդիրը»,- ասաց նա` հավելելով, որ այս երկու խնդիրների պարագայում առավել արդյունավետ վարչապետի թեկնածուն պետք է լինի երկրի խնդիրներին տիրապետող և իրականացնող անձ, և որ այս իմաստով «ալտերնատիվ մարդ» չկա:
Մանասերյանն էլ նշեց, որ ուզում է հիշեցնել, որ ընտրելու ենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: «Այն մարդիկ, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել վարչապետի պաշտոնում, պետք է հիմնավորեն` ինչով է զիջելու այդ մարդը Սերժ Սարգսյանին: Սա այն բացառիկ դեպքերից է, որ այլընտրանքը պետք է հիմնավորվի: Եղած քաղաքական ներկապնակից Սերժ Սարգսյանը վարչապետի առավել ընդունելի թեկնածուն է»,- ասաց նա: