կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 18:15
Սպորտ

Հիշում են Ջորկայեֆին, հպարտանում՝ Մխիթարյանով. Ֆրանսիայում հայերին միավորում է ֆուտբոլը

Քչերը գիտեն, որ հայազգի լեգենդար ֆուտբոլիստ, ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկայեֆը ժամանակին եղել է Լիոն-Դեսինի հայկական սիրողական ֆուտբոլային ակումբի նախագահը: Այն Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզական ակումբներից է, որը կազմակերպում է ֆուտբոլի, ֆուտզալի և մարտարվեստների մարզումներ: Դեռևս մեկ դար առաջ կազմավորված ՀՄԸՄ-ն ներկայումս գործունեություն է ծավալում աշխարհի գրեթե բոլոր հայաշատ երկրներում:

Տարիներ առաջ Լիոնի-Դեսինի հայկական ակումբը հայտնվել էր փակման եզրին: 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ատենապետ Րաֆֆի Գրիգորյանը դարձավ ակումբի նախագահ՝ վերականգնելով մեկդարյա պատմություն ունեցող ակումբի հայկական իմիջը: Ներկայումս այնտեղ մարզվում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մարզիկներ:

Լիոնի-Դեսինի պատմության, ակումբի արձանագրած հաջողությունների և հետագա ծրագրերի մասին Yerkir.am-ի լրագրողը Լիոնում զրուցել է ակումբի նախագահ Րաֆֆի Գրիգորյանի հետ: «Ակումբի նպատակը հայ մարզիկներին միավորելն է, սակայն ակումբի մակարդակն ավելի բարձրացնելու համար տեղացի ֆուտբոլիստների էլ ենք ներգրավում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս Լիոնի շրջանում շուրջ 60000 հայ է ապրում, և երեխաները, երիտասարդները զբաղվել կամ զբաղվում են ֆուտբոլով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Դեսինի թիմը լրջորեն պատրասվում է ՀՄԸՄ-ի կազմավորման 100-րդ տարեդարձին:

Ֆրանսիայում գործող հայկական ֆուտբոլային ակումբի հաջողությունները դեռևս սահմանափակվում են Ֆրանսիայով: Երկրի գավաթի խաղարկությանը հայկական ակումբը երկու անգամ զբաղեցրել է 32-րդ տեղը, ինչն, ըստ Գրիգորյանի՝ բավական լավ ցուցանիշ է սիրողական ակումբի համար: Ի դեպ, ակումբում է մարզվում հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի հարձակվող Կարեմ Բենզեմայի եղբայրը:

Ներկայումս ակումբի ֆուտբոլիստներին մարզում է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Էրվե Ռևելին (Պատրիկ Ռևելիի եղբայրը): Դեսինի հայ ֆուտբոլիստներից մի քանիսը Հայաստանից են, որոշներն էլ ծնվել և ապրում են Լիոնում: Այս ակումբում է մարզվում նաև Րաֆֆի Գրիգորյանի որդին՝ Կայծ Գրիգորյանը:

Ֆրանսիայում ծնված Կայծը իսպանական «Ռեալ-Մադրիդ» թիմի երկրպագուն է: 17-ամյա ֆուտբոլիստը բաց չի թողնում Հենրիխ Մխիթարյանի խաղերը: Տղաներից Դավիթն էլ երկրպագում է «Արսենալ»-ին: «Որտեղ Հենրիխը գնում է, այդ թիմն ենք սիրում»,- անկեղծանում են պատանի ֆուտբոլիստները:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: