կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 10:19
Հասարակություն

Ո՞ւմ հրահանգով են քանդում հայկական ֆուտբոլը՝ Թուրքիայի հետ խաղից առաջ․ «Հրապարակ»

Ո՞ւմ հրահանգով են քանդում հայկական ֆուտբոլը՝ Թուրքիայի հետ խաղից առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Անցած տարվա դեկտեմբերին ՀՖՖ գործկոմի «ընտրությունները» բացահայտեցին, որ կառույցը լրիվ ձեւականացվել է եւ հանձնվել Նիկոլ Փաշինյանի թերթում սպորտային լրագրող աշխատած Արմեն Նիկողոսյանին ու վերջինիս մոտ ՀՖՖ նախագահ աշխատող Արմեն Մելիքբեկյանին: Տեղեկություններ կային, որ ՀՖՖ գործկոմի անդամների ցանկը նախապես հաստատվել է կառավարությունում, ու անդամները երաշխավորել են, որ լոյալ են լինելու հատկապես ֆինանսական հարցերում, այսինքն՝ «քիթները չեն խոթելու» ֆեդերացիայի ֆինանսական հարցերի մեջ:

Չպետք է ընդդիմանան, հարց տան ու հայկական ֆուտբոլի մասին մտահոգություններ հայտնեն: Ֆեդերացիային մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախկինում «խեղճուկրակ արտաքինով», այժմ օլիգարխիկ կայֆեր անող եւ գործուղումներից տուն չեկող ՀՖՖ ղեկավարությանը ոչ միայն չի հետաքրքրում ֆուտբոլի զարգացումը, նրանք մի հոգս ունեն՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ եւ ակտիվ գործունեության իմիտացիա ստեղծել, ինչպես նաեւ կապիտալ կուտակել: Խոսքը տարածքներ ձեռք բերելու մասին է «Երազ», «Վերածնունդ» թաղամասերում, Էրեբունի ու Կենտրոն համայնքներում, այլուր:

Ի դեպ, ՀՖՖ ղեկավարների ջանքերով գործկոմից դուրս մնաց 2022-ին հայկական ֆուտբոլում պատմություն կերտած թիմի` «Փյունիկի» թեկնածուն, քանի որ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ՀՖՖ ղեկավարները նույնիսկ ներկա չեն լինում Երեւանում կայացող թիմի միջազգային խաղերին ու «Փյունիկ»-ի կողքին չեն կանգնել: Արդյունքում՝ գործկոմում հայտնվել են մարդիկ, ովքեր կա՛մ կասկածելի կապեր ունեն ֆուտբոլի հետ, կա՛մ հնազանդ կամակատարներ են, կա՛մ ունեն երեխա, ով ազատվել է բանակից, կա՛մ իբր ծառայությունն անցնում է բանակի թիմում, սակայն չի համապատասխանում պահանջններին: ՀՖՖ ղեկավարությունը հասավ նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացավ հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Հենրիխ Մխիթարյանը, ով լսել անգամ չի ուզում վերադարձի մասին, քանի դեռ ՀՖՖ-ում այս մարդիկ են:

Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՖՖ ղեկավարության հետ խնդիրների պատճառով հնարավոր է այլեւս Հայաստան չգա Բունդեսլիգայում խաղացող Սարգիս Ադամյանը:

Ի դեպ, ֆանատների ակումբներից մեկից մեզ հայտնեցին, որ մարտին սպասվող Հայաստան-Թուրքիա խաղից հետո, եթե այն վատ ավարտ ունենա, դժվար թե կարողանան կանխել բողոքի ակցիաները ֆեդերացիայի դեմ։ Եվ դժվար թե ֆեդերացիայի հետ սերտորեն աշխատող իրենց ղեկավարները կարողանան զսպել ֆուտբոլասերների զայրույթը: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։