կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 20:16
Սպորտ

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Յուրի Ջորկայեֆին

Գաբրիել Ղազարյանն ընդունել է   Յուրի Ջորկայեֆին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆին, որը՝ որպես պատվավոր հյուր, Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 3-ին անցկացվելիք երևանյան կիսամարաթոնին մասնակցելու նպատակով: 
 
Յուրի Ջորկայեֆին ուղեկցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Ընդունելությանը մասնակցել են նաև կիսամարաթոնի կազմկոմիտեի անդամները՝ ներկայացուցիչներ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից, տարբեր երկրների աթլետիկայի ֆեդերացիաների նախագահներ և փոխնախագահներ: 
 
Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Երևանում անցկացվելիք առաջին կիսամարաթոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու, միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար: «Վստահ եմ՝ կիսամարաթոնի անցկացումը կծառայի իր նպատակին, այն է՝ սպորտի մասսայականացմանը և տարածմանը: Եվ սա վերաբերում է ոչ միայն աթլետիկային և վազքին: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցներն իրենց օրինակով ցույց են տալու սպորտի համախմբող և միավորող ուժը: Շատ քիչ միջոցառումների ժամանակ է հնարավոր տեսնել միաժամանակ նույն գործընթացով զբաղված 4600 մարդու: Հոկտեմբերի 3-ին մենք բոլորս ականատես ենք լինելու հենց նմանատիպ մեծ իրադարձության»,- ասել է նախարարը: 
 
Յուրի Ջորկայեֆը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ ինքը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի՝ երևանյան կիսամարաթոնին մասնակցելու հրավերը: Նա նաև ասել է, որ միշտ առանձնահատուկ զգացումներով է ժամանում Հայաստան, որտեղ օրեցօր տեսանելի փոփոխություններն իրեն մշտապես հպարտանալու առիթ են տալիս: 
 
Հանդիպման վերջում նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու և բարձր պրոֆեսիոնալ մոտեցման համար և հույս հայտնել, որ հաջորդ անգամ մասնակիցներն արդեն կվազեն լրիվ մարաթոնյան վազքի 42 կմ 195 մետրը:
 
Աղբյուր` msy.am