կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 13:00
Քաղաքական

Գագիկ Հարությունյանն ընտրվեց ընդամենը 2 դեմ ձայնով, «Ելք»-ը պնդում է, որ 7 հոգով էլ դեմ են քվեարկել

Գագիկ Հարությունյանն ընտրվեց ընդամենը 2 դեմ ձայնով, «Ելք»-ը պնդում է, որ 7 հոգով էլ դեմ են քվեարկել

Հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր ընտրում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից առաջադրված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի 5 անդամներին: Նրանք են`առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ` ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը քիչ առաջ հայտարարեց, թե անդամները քանի ձայն են հավաքել: Նշենք, որ բոլոր 5 թեկնածուներն էլ ընտրվել են: Եվ այսպես` առաջին պաշտոնի համար առաջադրված` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվեց ձայների` 96 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Նա ընտրվեց հնգամյա ժամկետով:

Երկրորդ պաշտոնում առաջադրված Գևորգ Դանիելյանն ընտրվեց ձայների` 90 կողմ, 7 դեմ արաբերակցությամբ` հնգամյա ժամկետով: Նշենք. որ մեկ ձայն անվավեր է ճանաչվել:

Երրորդ պաշտոնում Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել է ձայների` 82 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ` հնգամյա ժամկետով: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Չորրորդ պաշտոնում ընտրվել է Հայկ Հովհաննիսյանը` ձայների` 86 կողմ, 11 դեմ  հարաբերակցությամբ` եռամյա ժամկետով: Մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել:

Հինգերորդ պաշտոնում ընտրվել է Սերգեյ Մեղրյանը` ձայների` 87 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ` եռամյա ժամկետով: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նա նշեց, որ «Ելք» դաշինքի բոլոր 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի ու Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, և ՀՀԿ-ն մանր ժուլիկություն է արել, որպեսզի ստվեր գցի «Ելք»-ի վրա:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ, և որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արդյունքների համար: Նշենք, որ «Ելք»-ից հաշվիչ հանձնաժողովի անդամ է Լենա Նազարյանը, ով պնդեց, որ ստորագրել է, քանի որ քվեաթերթիկներն այդպես են եղել, բայց չի բացառում, որ դեմ քվեաթերթիկները փոխած լինեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ելույթում նշեց, որ հաշվիչ հանձնաժողովում եղել են նաև իրենց դաշինքի անդամներ և չի կասկածում իրենց խմբակցության անդամների ազնվությանը ու ցանկանում է, որ վերահաշվարկվեն ձայները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց, որ բոլորը հանգստանան: «Մեզ համար էական չէ` Գագիկ Հարությունյանն ընտրվել է 96, թե` 91 ձայնով, դա ոչինչ չի փոխում»,- ասաց նա: