|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցելու դեպքին՝ գրելով.
«Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։
Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։
Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։
Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։
Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։
Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։
Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․
«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։