Այսօր՝ 79 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը:
Ծնվել է Երևանում: 1968-71թթ որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին: 1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Ալեքսանդր Հարությունյանի դասարանը: 1979թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:
Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ: Երկերից են` «Գոյամարտ» սիմֆոնիա, «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիետ, «Կյանքի ծառը» մոնո-օպերա, «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» կամերային օպերա (1978թ.), Կոնցերտ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար (1981թ.), «Հեյ, ո՞վ կա այստեղ» կամերային օպերա (1982թ.), «Բիդստրուպի ծաղրանկարներ» կամերային նվագախմբի և մնջախաղի համար (1984թ.), «Սիրո հայրեններ» սոպրանոյի և դաշնամուրի (կամ նվագախմբի) համար, Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1989թ.), «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերա (2003թ.), «Նարեկացի` ձայն առ Աստված» բալետ (2008թ.), «Հրաշքների երազ» մանկական բալետ (2012թ.), «Մաշտոց» օպերա (2014թ.) և այլն: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: