կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-20 23:01
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է առավել ակտիվորեն մասնակցել հիվանդությունների կանխարգելիչ ծրագրերին

Առողջապահության նախարարությունը հորդորում է առավել ակտիվորեն մասնակցել հիվանդությունների կանխարգելիչ ծրագրերին

Հայաստանում, ինչպես  և եվրոպական տարածաշրջանում լուրջ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները։ Մեր բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են մոտ 80%։ Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են (48%), երկրորդ տեղում` չարորակ նորագոյացոությունները (20%), ապա` շաքարային դիաբետը` (4.9%)։  

2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային հետազոտությունները միտված են հենց այս հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:

Բնակչության ռիսկային խմբերի շրջանում սկրինինգային հետազոտությունները շարունակվել են նաև անցած տարի:

2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում իրականացվել է շուրջ 1 մլն. 382 հազար սկրինինգային հետազոտություն: Այդ թվում` 35-68 տարեկան շուրջ 713 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, ինչպես նաև շուրջ 455 հազար քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն։ Կանանց 30-60 տարիքային խմբում իրականացվել է շուրջ 170 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 44 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն: Նշենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է հղիության 36-38 շաբաթական ժամկետում մեզի և արյան հավելյալ 3-րդ հետազոտությունը:

Սկրինինգային հետազոտությունների իրականացման մշտադիտարկման արդյունքները վկայում են բարձր կազմակերպվածության մասին։

Ցավոք, արձանագրվել է կանանց ոչ բավարար մասնակցություն արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող ՊԱՊ թեստի հետազոտությանը։ Մի կողմից, մեր կանայք դեռևս շատ չեն կարևորում իրենց  առողջությունը, մյուս կողմից` առանց գանգատների բժշկին դիմելը մեզանում դեռևս  կենսակերպ չի դարձել։

Սա Հայաստանում առաջին մեծածավալ  սկրինինգային ծրագիրն է: Նշենք, որ 2012թ. կանանց շրջանում իրականացված ՊԱՊ թեստ հետազոտություններին մասնակցությունը կազմել է 10.2%։

Նախարարությունը բնակչությանը հորդորում է ընթացիկ տարում առավել ակտիվորեն մասնակից դառնալ կանխարգելիչ կարևոր այս ծրագրին։