Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկների օգտագործումը, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել:
Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությամբ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե' անհատական, թե' սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:
Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին՝ բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկներն օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:
Այսպիսով, COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել, ինչը վտանգավոր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել հակամանրէային դեղերի անհասանելիության այն հիվանդների համար, ովքեր իրապես դրանց կարիքն ունեն:
Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը: