կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 17:06
Իրավական

Անհետանալու օրը մայր ու դուստր այցելել էին «Տաշիր Պիցցա». նոր մանրամասներ

Անհետանալու օրը մայր ու դուստր այցելել էին «Տաշիր Պիցցա». նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։

Դիակները հայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մոր և նրա դստեր անհետ կորելու վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել։

Արաբկիրի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։