կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 14:24
Հասարակություն

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: 

«Հարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրո՛,

Ես վստահ եմ, որ Դուք համոզված եք՝ այստեղ սիրում են Ձեզ և Ձեր արվեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երևանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջև բարեկամությունը, և Դուք դա շատ լավ եք անում»,-ասել է Նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունը՝ հնարավորություն տալով հայ հանդիսատեսին մեծ բավականություն ստանալ մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի ստեղծագործություններից: 

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի Հայաստանը և Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները: 

Շնորհակալություն հայտնելով Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: 

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատոններ են անցկացվում Երևանում: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար: