կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-25 10:38
Հասարակություն

«Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել». Վահրամ Դումանյանն ընդունել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

«Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել». Վահրամ Դումանյանն ընդունել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:

«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն: Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

 Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին: