Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Ներման մասին» օրենքում, ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ, Սահմանադրության դրույթների համաձայն, այսուհետ ներման մասին հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, որը մինչ այդ կարգավորվում էր ՀՀ նախագահի հրամանագրով:
Նրա խոսքով՝ օրենքի նախագծով չի սահմանվել այն սուբյեկտների ցուցակը, ովքեր իրավասու են ներման միջնորդությամբ հանդես գալ: «Այդ միջնորդությունները հիմք են ներման հետ կապված գործընթացը սկսելու համար՝ բացառապես այն դեպքերի, երբ առկա է դատապարտյալի ներման խնդրագիրը: Դատապարտյալը պետք է խնդրագրում անդրադառնա գործի հակիրճ նկարագրությանը, պետք է ներկայացնի խնդրանքի էությունը: Կարևոր դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ դատապարտյալը խնդրագրում պետք է ներկայացնի իր վերաբերմունքը կատարած հանցանքի նկատմամբ, և պետք է ներկայացվեն դատապարտյալի ներումը հիմնավորող այլ հանգամանքներ»,- ասաց փոխնախարարը:
Քրմոյանը նշեց, որ եթե անգամ դատապարտյալը չի պահպանում խնդրագրով նախատեսված պարտադիր պահանջները, միևնույն է, պետք է խնդրագիրը պարտադիր քննարկման առարկա դարձվի:
Օրենքով ամրագրվել են նաև ներման խնդրագրի քննարկման ժամանակ ուսումնասիրման ենթակա հանգամանքները: Մասնավորապես, ըստ Քրմոյանի, պետք է ուսումնասիրվեն ներման խնդրանքի էությունը, հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, դատապարտայլի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ: Պետք հաշվի առնվի՝ արդյո՞ք նախկինում դատապարտյալին ներում շնորհվել է, կամ պայմանական վաղաժամկետ ազատվե՞լ է, թե՞ ոչ:
Օրինագծով ամրագրվել է, որ ՀՀ նախագահին առաջարկություն է ներկայացնելու վարչապետը: «Սահմանադրության պահանջն է, որ լինի մարմին, որը նման առաջարկությամբ հանդես գա: Միաժամանակ, պահպանել ենք ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գոյությունը, որը կստեղծվի վարչապետին կից: Ամրագրվել է, որ խնդրագիրը մերժելու դեպքում դատապարտյալը կարող է կրկին դիմել մեկ տարի հետո, եթե չկան բացառիկ հանգամանքներ»:
Անդրադառնալով ներման խնդիրագիրը ներկայացնելու ընթացակարգին` Քրմոյանն ասաց. «Համապատասխան ՔԿՀ-ն եռօրյա ժամկետում խնդրագիրը ներկայացնում է արդարադատության նախարարություն, վերջինս 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործը եւ ներկայացնում վարչապետին: Վարչապետը 5-օրյա ժամկետում ներկայացնում է ներման հանձնաժողովին, որը 20-օրյա ժամկետում հետ է տալիս վարչապետին: Դրանից հետո ներում շնորհելու առաջարկությունը` եզրակացության հետ, վարչապետը ներկայացնում է ՀՀ նախագահին, այդ թվում` հրամանագրի նախագիծը: Երկրի նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել հրամանագիրը կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա'մ ընդունում է առարկությունները, կա'մ նորից ներկայացնում ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կա'մ պետք է ստորագրի հրամանագիրը, կա'մ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միևնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով»: