| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա):
 
 Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ և համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ Հանրապետության Նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:
 
 Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին և Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:
 Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը: 
 
 Զրուցակիցները երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:
 
 Հանրապետության Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարևորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, չնայած այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում: