Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծել է՝ Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ և Ճապոնիան ամուր կանգնած է իր գործընկերոջ կողքին՝ նրան ցուցաբերելով բամաշերտ ու բազմաոլորտ աջակցություն։
Դեսպանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներին։
«Ճապոնիան ունի որակյալ և բարձրակարգ ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներդրվել տարածաշրջանային մեգածրագրերի իրականացման գործում։ Միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու հեռավորասիական տարածաշրջանի երկրների հետ, կարող է շահութաբեր լինել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար։ Մեր կառավարությունը հետաքրքրված է նաև Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմամբ, ուստի պատրաստ է քննարկել, հստակեցնել ու ընդլայնել այդ ուղղությամբ հետաքրքրությունների շրջանակը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային մեգա ծրագրերի իրականացումն, անշուշտ, բխում է Հայաստանի կենսական շահերից»,- ասաց Աոկի Յուտական։
Նա արձանագրեց, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զարգանում են միաժամանակ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ հատկապես սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
«Փոխգործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին անմիջական աջակցության ցուցաբերումը։ Օժանդակելով համայնքներին, որտեղ նրանք տեղավորվել են՝ օգնում ենք նման ճակատագրի արժանացած մարդկանց։ Այս պահին իրականացման փուլում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագիրը»,- նշեց դեսպանը։
Աոկի Յուտական հիշեցրեց, որ երկու տարի առաջ մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային մեծ նախագիծը, որի շրջանակում ճապոնական կողմի աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից են, օրինակ, Սպիտակի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումների տրամադրման, Գեղարքունիքի մարզի հաշմանդամ երեխաների բարեկեցության հաստատությունների հասանելիության բարելավման, Սյունիքի մարզի Կավճուտ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման, Շիկահողին և հարակից գյուղերին շտապօգնության մեքենա տրամադրելու, Գյումրիում անապահով բնակչության համար գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի կառուցման, Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատան բարեկարգման, Մարմաշեն գյուղում ՏՏ կենտրոնի ստեղծման, Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման, Մալիշկա և Գետափ գյուղերում ոռոգման ցանցի ստեղծման ծրագրերը և նմանատիպ շատ այլ նախաձեռնություններ։
«Մեր երկիրը կարող է Հայաստանին անմիջականորեն օգնել՝ նրա տնտեսական կարողություններն ու ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս տարվա համար արդեն հաստատվել են տասնչորս ծրագրեր, ճապոնական կողմը պատրաստ է ավելացնել իրականացվող ծրագրերի թվաքանակը, որոնք առնչվում են կրթական, առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսական բնագավառներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Դեսպանն առանձնահատուկ կարևորեց նաև մշակութային կապերի ամրապնդումը՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ, հայերենն ու ճապոներենը բավականին հարուստ, բացառիկ ու ինքնատիպ լեզուներ են, երկու ժողովուրդների կյանքում մշակույթն ունի առանձնահատուկ տեղ և դերակատարություն։
«Օրեր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին՝ ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, և շարժվել ձայնագրման և հեռարձակման միջազգային նորագույն չափանիշներին համահունչ՝ ձեռք բերելով նոր և ժամանակակից սարքավորումներ։ Մեր երկու երկրները, հատկապես մշակույթի բնագավառում, ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ։ Անցյալ տարի Հայաստանում անցկացվեց ճապոնական կոտոյի համերգ, լավ կլինի Ճապոնիայում անցկացնել հայկական մշակութային օրեր, որպեսզի մարդիկ ավելի մոտիկից հաղորդակցվեն հայկական մշակույթի հետ։ Այնպես, որ կան շատ հնարավորություններ կապերը խորացնելու համար»,- ասաց Աոկի Յուտական
Դիվանագետը հավելեց, որ հմայված է Հայաստանի բնությամբ և նշեց, որ այն իր լեռնային գեղատեսիլ վայրերով շատ նման է Շվեյցարիային, որտեղ ամենաշատ թվով ճապոնացի զբոսաշրջիկներ են այցելում, ուստի խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան ժամանող ճապոնացի զբոսաշրջիկների քանակը նույնպես ավելանա, որպեսզի ճապոնացիներն իրենց համար նորովի բացահայտեն Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը։