կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 16:29
Քաղաքական

Արմեն Սարգսյանը բացատրեց, թե ինչ է իրականում ասել իր կինը Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին

Արմեն Սարգսյանը բացատրեց, թե ինչ է իրականում ասել իր կինը Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ԳԱԱ ղեկավարության և բուհերի ղեկավարների հետ:

Նախքան հանդիպման մեկնարկը նախագահի թեկնածուն պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:

Սարգսյանը հերքեց Ամուլսարի շահագործման հետ կապ ունենալը: «Բացարձակապես կապ չունեմ, կարող եք գուգլ անել և կտեսնեք»,- ասաց նա:

Դիմելով լրագրողներին` Սարգսյանը խնդրեց, որ թույլ տան իրեն իր հանդիպումները շարունակել, և երբ ավարտի հանդիպումները, որոշումն էլ կայացնի, առաջինը լրագրողները կիմանան, սակայն հարցերը չէին դադարում:

Հարցին` երկար ժամանակո՞վ է գալու Հայաստան, նա պատասխանեց. «Ընդմիշտ: Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար` պատասխանս ընդմիշտ է: Մնացած հարցերին կապատասխանեմ մի քանի օր հետո, երբ հանդիպումներս ավարտեմ»:

Հարցին էլ` ինչպե՞ս է նրա ընտանիքը ապրելու Հայաստանում, եթե կինը հայտարարել է, որ իրենց Բրիտանիայի քաղաքացի են համարում, Սարգսյանը պատասխանեց. «Իմ երկու տղաները և' Բրիտանիայի, և' Հայաստանի քաղաքացի են: Ապրելով Բրիտանիայում` այնտեղի քաղաքացի են, ուստի, այստեղ ապրելով, պետք է լինեն ՀՀ քաղաքացի` դրանից հետևող բոլոր եզրակացություններով, իրենց ոգով, ինչպես իմ կինն ասել է: Եթե անգլերենով կարդաք նրա հարցազրույցը, կհասկանաք` դուք սխալ թարգմանություն ունեք, նա ասել է`  իրենց բրիտանացի են զգում Բրիտանիայում, բայց իրենք հպարտ հայեր են»:

Հիշեցնենք, որ երեկ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության և ՀՅԴ Բյուրոյի ու ԳՄ-ի ներկայացուցիչների հետ: