Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կիրառվում է հունվարի 12-ին Սեյրան Օհանյանի կողմից հայտարարված «որոշ դեպքերում նախահարձակ լինելու» մարտավարությունը, որովհետև վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները տպավորություն թողեցին, թե այդ մարտավարությունը չի կիրառվում, ասաց, որ նախ պետք է ճիշտ հասկանալ, թե ինչի մասին է եղել խոսքը:
Նախարարը պարզաբանեց, որ նախահարձակ լինելու մասին խոսելիս ինքը նկատի է ունեցել միասնական ղեկավարման մեխանիզմները` յուրաքանչյուր օղակում կատարելության հասնելու նպատակ ունենալով: Եվ դա վերաբերում է ոչ միայն մարտական գործողություններին, այլ նաև հարաբերական հրադադարի պահպանման պարագայում առօրյա գործունեության ընթացքում ուսումնա-դաստիարակչական խնդիրներ իրականացնելուն:
Ըստ նախարարի` այդ մարտավարությունը վերաբերում է օպերատիվ մարտավարական օղակներին, որպեսզի յուրաքանչյուր հրամանատար, ստանալով առաջադրանք, ստեղծված միասնական տեսլականի, ընդհանուր մտահղացման շրջանակներում գործի ինքնուրույն և կարողանա աշխատել ինքնուրույն:
«Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն բանակին ու ռազմական կառույցներին, նմանատիպ գործելաոճ պետք է ձևավորվի յուրաքանչյուր քաղաքացիական կառույցում, որտեղ հիմնական աշխատանք կատարողները ներքևի օղակներն են»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հավելեց, որ բանակում ներքևի աշխատանքը կատարում է վաշտ-մարտկոց օղակը, որը ուսուցման կենտրոն է: Ավելի բարձր մակարդակներում օղակների ղեկավարները իրականացնում են ընդհանուր պլանավորում, մշակում են քաղաքականություն, համալրման ապահովում, սակայն հիմնական աշխատանքը կատարում են ցածր օղակների ստորաբաժանումները:
«Ցածր օղակի ստորաբաժանումների ձևավորումը պետք է հասցնենք ավարտին, դրա հիմքը մենք ունենք, մասնավորապես` Արցախի գոյապայքարը, երբ մենք փոքր ուժերով կարողացել ենք մեծ խնդիրներ լուծել, մեծ ստորաբաժանումներ ծնկի բերել, և այդ մարտավարությունն իր արդյունքը տալիս է: Այսօր ամբողջ առաջին գծով բոլոր ստորաբաժանումների ղեկավարները կարող են ինքնուրույն գործել, և այդ պատժիչ գործողությունների մեծ մասն ինքնուրույն են կատարել` միասնական տեսլականի և ընդհանուր մտահղացման ներքո»,- ասաց Սեյրան Օհանյանը: