կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 18:00
Տարածաշրջան

Վրացի կինը հայտարարել է, թե իբր հայ հոգևորականը վիրավորել է իրեն. թե ինչ է եղել իրականում եկեղեցու բակում

Վրացի կինը հայտարարել է, թե իբր հայ հոգևորականը վիրավորել է իրեն. թե ինչ է եղել իրականում եկեղեցու բակում

Հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և առաջնորդարանի աշխատակիցներին: Այս մասին պաշտոնապես հաղորդագրություն տարածեց Վիրահայոց թեմը:

 

Yerkir.am-ն այս միջադեպի վերաբերյալ զրուցել է անձամբ Լեւոն Իսախանյանի հետ:  Նա պատմեց, որ մի խումբ վրացիներ հայհոյել են եկեղեցու բակում կանգնած հայերին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Կարճ ժամանակ անց վեճ հրահրողները վերադարձել են մոտ 50 հոգանոց կազմով եւ շարունակել ծեծկռտուքը հենց եկեղեցու բակում՝ բազմաթիվ հոգևորականների ու եկեղեցում գտնվող հավատացյալների ներկայությամբ:

 

Նշենք, որ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ազգությամբ վրացի կինը բողոքել է, թե հայ հոգևորականը վիրավորել է իրեն: Ծեծկռտուք հրահրող վրացիների մի մասը անմիջապես եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչներ են եղել:

 

«Հուսով եմ՝ Վրաստանի ոստիկանությունը պատշաճ կուսումնասիրի այդ միջադեպը»,- ասաց Լևոն Իսախանյանը եւ հավելեց, որ ոստիկանությանը տրամադրել են տեսանյութեր, որոնցում պարզ երեւում է, թե ինչ է եղել իրականում: Նա նաև նշեց, որ ոստիկանությունն այս միջադեպի առնչությամբ հայտարարել է, որ գործում չկա ազգային և կրոնական ատելության բացադրիչ, մի քանի վրացական հասարակական կազմակերպություններ էլ հայտարարել են, որ դատապարտում են նման դեպքերը:

 

«Այն, որ ազգային և կրոնական բնույթի ատելություն եղել է, մեզ համար դա միանշանակ է, որովհետև այսօր երկու անգամ նույն խմբի ներկայացուցիչներ մոտեցել են և ագրեսիվ կերպով են խոսել՝ ասելով, թե ինչո՞ւ են հայ հոգևորականները դրան ազգային-կրոնական ատելության բնույթ տվել: Ասել են, որ իրենք նման մոտեցումներ չունեն, և խնդիրն այն է, որ ինչ-որ վրացու կնոջ հայ հոգևորականը վիրավորել է: Իհարկե, նման բան չի եղել»,- հայտարարեց Լևոն Իսախանյանը` հավելելով, որ ոչ միայն այդ կինն է սուտ խոսել, թե հայ հոգևորականն իրեն վիրավորել է, այլ նաև միջադեպին առնչվող շատ մարդիկ սուտ տեղեկություններ են տարածել: