կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-01 15:36
Քաղաքական

Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու են կառավարության նիստերը դռնփակ լինելու

Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչու են կառավարության նիստերը դռնփակ լինելու

Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ապագա վարչապետի մշտական նստավայրին: Նշենք, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ի` ներկայիս նախագահական նստավայրի շենքը:

Նախարարն առաջարկեց չդիտարկել անունները, ըստ նրա` ենթադրենք, թե Սերժ Սարգսյանը հրաժարվում է վարչապետ դառնալուց, այդ դեպքում ապագա վարչապետը, ով էլ լինի, աշխատելու է Բաղրամյան 26-ում, քանի որ այդ շենքը հարմարեցված է բոլոր այն գործառույթներին, որոնք անհրաժեշտ են լինելու գործադիր իշխանության ղեկավարին:

Նա անդրադարձավ աղմկահարույց այն սահմանմանը, որ ապագա կառավարության նիստերը լինելու են դռնփակ: «Բոլոր երկրներում կառավարություններն իրենց նիստերը դռնփակ են անցկացնում, ինչը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ ու ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջարկություններին: Նախ` մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերը դռնբաց են, բացառություն ենք, որ կառավարության նիստերին մասնակցում են այլ անձինք, ովքեր կառավարության անդամներ չեն, և այդ ամենը հանգեցրել է իր բացասական հետևանքներին: Ահա, թե ինչու իրական քննարկումները ծավալվում են ոչ թե կառավարության նիստերում, այլ նիստերից առաջ կամ հետո, ինչը նորմալ երևույթ չէ»,- ասաց Հարությունյանը:

Նա ուսումնասիրել է այլ երկրների փորձը և նկատել, որ գործնականում չկան երկրներ, որոնք կառավարության նիստերը ուղիղ հեռարձակում են, բայց դա չի էլ նշանակում, որ կառավարության նիստերը չպետք է լինեն թափանցիկ, և օրենքով ամրագրվել է, որ վարչապետը պարտավոր է հանրությանը ներկայացնել կառավարության գործունեությունն ու որոշումները:

«Դուք կհարցնեք` լրագրողնե՞րն են խանգարում, ես կասեմ` ոչ միայն լրագրողները, այլ ցանկացած` կառավարության անդամ չհանդիսացող անձինք, ովքեր սահմանափակում են ցանկացած քննարկում: Եթե ընտանիքում դուք վիճեք ձեր տիկնոջ հետ, դա մի բան է, բայց երբ այդ վեճին ներկա լինի երրորդ անձ, ձեր բանավեճը կստանա այլ երանգ: Կառավարությունը պետք է գործի անկաշկանդ»,- ասաց նախարարը: