կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 18:38
Սպորտ

Ծաղկաձորից՝ Փհենչհան. ի՞նչ ակնկալիք կա 18-ամյա լեռնադահուկորդից (լուսանկարներ)

Ծաղկաձորից՝ Փհենչհան. ի՞նչ ակնկալիք կա 18-ամյա լեռնադահուկորդից (լուսանկարներ)

Տասներկու օրից Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հայաստանը, ի թիվս այլ մարզիկների, կներկայացնի 18-ամյա լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա օլիմպիական խաղերում Հայաստանը երբևէ ներկայացրած լեռնադահուկորդներից ամենակրտսերն է:

Հիմնական ընտրությունը կայացել է լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանի, Վազգեն Առաքելյանի և Աշոտ Կարապետյանի միջև: Վազգեն Առաքելյանը, ով, ի դեպ, մարզվում է առանց մարզչի, վերջերս վնասվածք է ստացել և բաց թողել վարկանիշային վերջին մրցաշարը: Արդյունքում` օլիմպիական ուղեգիր է ստացել 18-ամյա Աշոտ Կարապետյանը, ով վարկանիշային միավորներ էր ձեռք բերել հունվարին Թուրքիայում կայացած մրցաշարում:

12 օրից Հայաստանում, հատկապես` ֆեյսբուքյան տիրույթում կսկսվի ձմեռային խաղերում մեր մարզիկներն թերագնահատելու, դահուկային սպորտի «ողբալի» վիճակի մասին գրառումների տարափը: Հայաստանյան մարզասերների համար հեշտ է հեռուստացույցի առջև նստել ու մեր երկրի ներկայացուցիչներից մեդալ ակնկալել: Սակայն պետք է, ի վերջո, գիտակցել, որ ինչքան էլ մեծ լինի մեդալ նվաճելու ցանկությունը, սահմանափակ քանակի դահուկային գույքը, ձյունառատ Աշոցքն ու Ծաղկաձորը բավարար չեն այս մարզաձևում օլիմպիական չեմպիոններ պատրաստելու համար: Հարկավոր են  Հայաստանում ձմեռային մարզաձևերը զարգացնելու, այս ոլորտում առաջատար համարվող երկրների հետ համեմատվելու լուրջ նախադրյալներ:

Ի՞նչ է անհրաժեշտ աշխարհի միլիոնավոր մարդկանց հետաքրքրող այս մարզաձևը Հայստանում ավելի մասսայական դարձնելու, օլիմպիական խաղերին մեդալի հավակնորդ մարզիկներ ունենալու համար: Այս և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Փհենչհան  մեկնող մեր միակ լեռնադահուկորդի՝ Աշոտ Կարապետյանի հետ:

- Օլիմպիական խաղերից առաջ ինչպիսի՞ն է տրամադրությունդ:

-Հոյակապ, չէ՞ որ, ի վերջո, իմ երկիրն եմ ներկայացնելու աշխարհի խոշորագույն մրցաշարում:

-Եղանակը կարծես դահուկորդների կողմից չէ` տարին ձյունառատ չէր:

-Տեղումները  քիչ էին, բայց նորմալ է, մարզումներին չի խանգարում:

-Երբվանի՞ց ես սկսել զբաղվել լեռնադահուկային սպորտով:

-Դահուկների վրա սահել սկսել եմ 3 տարեկանից, իսկ 10 տարեկանից սկսել եմ լուրջ մարզումները:

-Ինչո՞ւ հենց այդ մարզաձևը:

-Հայրս դահուկորդ է եղել, ինքն է առաջինն ինձ սովորեցրել դահուկների վրա սահել, հետո հաճախել եմ դահուկային դպրոց: Հիմա արդեն հավաքականի կազմում եմ, մարզիչ ունեմ: Ծաղկաձորում եմ ծնվել, փոքր տարիքից տեսել եմ` ինչպես են այս մարզաձևով զբաղվում: Իմ նպատակն էլ դարձել է հայրիկիս գործը շարունակելը:

-Որտե՞ղ ես սովորում, ինչպե՞ս ես դասերի հետ համատեսում:

-Սովորում եմ Հայաստանի ագրարային համալսարանում` գինեգործություն մասնագիտությամբ: Անկեղծ ասած` ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ մարզումներին:

-Կա՞ն լեռնադահուկորդներ, որոնց կենսագրությունն  ու անցած ճանապարհն օրինակելի է քեզ համար:

-Այս մարզաձևում ինձ համար իսկական օրինակ է լեռնադահուկորդ Լինդսի Բոնը, ով թեւ մի քանի անգամ լուրջ վնասվածքներ էր ստացել, բայց վերադարձավ մեծ սպորտ և հաջողություններ գրանցեց: Նա կարողացավ հաջողության հասնել մեծ կամքի ուժի շնորհիվ:

-Ո՞րն է այս մարզաձևում հաջողության հասնելու կարևոր գրավականը:

-Նախևառաջ` կամքի ուժը, «դուխը»: Կարևոր է, որ մրցումներում չլարվես: Հնարավոր է լավ տեխնիկա ունենաս, լավ գույք, լավ սահես, բայց մեկնարկից առաջ ինքդ քեզ վրա վստահ չլինես, հոգեպես պատրաստ չլինես և  չկարողանաս ապացուցել, որ դու կարող ես լավ հանդես գալ: Անկախ ամեն ինչից` մարզիկի համար շատ կարևոր է սեփական ուժերին վստահելը:

-Լեռնադահուկային սպորտում սերնդափոխություն է ընթանում, ասպարեզ են մտնում պատանիները: Դժվար չէ՞ մրցել  համեմատաբար տարիքով, փորձառու մարզիկների հետ:

-Շատ է եղել, երբ ինձնից մեծ մարզիկների հետ եմ մրցել, երբ հարցրել են տարիքս, հաճախ հենց իրենք են դուխ տվել, ոգևորել:

-Թեև Հայաստանում ձյունառատ շրջանները շատ են, բայցև մեզ մոտ այս մարզաձևով զբաղվելը թանկ հաճույք է: Ի՞նչ է անհրաժեշտ այս մարզաձև ավելի մասսայական դարձնելու համար:

-Այո, թանկ մարզաձև է` սկսած գույքից, սահուղուց:  Առաջին հերթին ներդրումներ են հարկավոր, հովանավորներ: Միայն սիրողական մակարդակով չպետք է սահմանափակվել: Լեռնադահուկային սպորտը զարգացող մարզաձև է, սահելու ձևը, տեխնիկան տարեցտարի փոխվում են: Պետք է քայլել ժամանակին համահունչ և հետ չմնալ այս մարզաձևի նորարարություններից:
Ոչ պակաս կարևոր է որակյալ  մարզիչներ ունենալը: Երկրներ կան, որտեղ մարզիչները երեք ամիսը մեկ վերապատրաստվում են, դա շատ կարևոր պայման է մարզչի և հենց մարզիկի առաջխաղացման համար:

-Պատկերացնո՞ւմ էիր, որ այս տարիքում կմասնակցես օլիմպիական խաղերի:

-Ցանկացած մարզիկի նպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է: Շատերը մտածում են` միայն թե կարողանան հասնել այդ աստիճանին, մասնակցել, հետ գալ, հետո ինչ լինում է` թող լինի: Ոչ, ես այդ կերպ չեմ մտածում: Անկախ նրանից, թե ինչ արդյունք կարձանագրեմ, հույս ունեմ, որ կվերադառնամ, կշարունակեմ մարզվել, նոր արդյունքներ գրանցել:  

- Հայաստանի դրոշի ներքո օլիմպիադային մասնակցելն առավել քան պարտավորեցնող է: Եթե ոչ մեդալի համար պայքար, ապա հանուն ինչի՞ արժե մասնակցել այդ խաղերին:

-Իմ նպատակը երկիրս լավ ներկայացնելն է: Ճիշտ է, հնարավոր չէ մեդալ ակնկալել, բայց գոնե պետք է մեզ այնպես ներկայացնենք, որ մարդիկ  լավը մտածեն մեր երկրի մասին: Լինում են դեպքեր, երբ  մարզիկները, ինչու չէ, նաև մարզիչներն արտերկրում իրենց լավ չեն պահում, հետևաբար` դրսում մեր երկրի մասին սխալ կարծիք է ձևավորվում: Կարևոր է, որ ցանկացած երկրում օտարերկրացիներն իմանան, որ քարտեզի վրա կա մի երկիր, որին կարելի է հարգել, և ոչ թե միայն նրա համար, որ մեդալակիր մարզիկներ ունեն, այլ նրա համար, որ իրենց վարքով ստիպում են լավ կարծիք կազմել իրենց երկրի մասին:

-Եղե՞լ են առիթներ, որ օտարերկրացիների մոտ գովազդես Հայաստանը, հատկապես` Ծաղկաձորը:

-Իմ նպատակը հենց այս մարզաձևի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելն է: Երկրներ եմ գնացել, որտեղ հարցրել են, թե որտեղ է Հայաստանը, ես էլ ասել եմ` երկրագնդին: Հաճախ հեռախոսով` քարտեզով, ցույց եմ տալիս, պատմությունը ներկայացնում: Նկարագրում եմ ծաղկաձորյան սարերը, ճոպանուղին, օդը:

-Լեռնադահուկորդից մեդալ ակնկալող հասարակ քաղաքացուն ինչպե՞ս ես բացատրում իրավիճակը: Ինչո՞ւ չպետք է մեդալ ակնկալենք, չէ՞ որ ցանկացած  երկրի համար չեմպիոն ունենալը պարծանք է:

-Ես մարդկանց բացատրում եմ, որ եթե իմ մրցակիցները մարզվում են տարին 12 ամիս, մենք մարզվում ենք ընդամենը երեք ամիս, այն էլ կախված է, թե ինչքան ձյուն կտեղա: Լավագույն դեպքում էլ կարող է մի քանի անգամ արտերկրում մրցումների գնանք: Մինչդեռ հարկավոր է մշտապես ձյունառատ երկրներում հավաքների մասնակցել և այլն: Անհնար է միայն ֆիզիկական մարզումներով հավասարվել իտալացիներին, ավստրիացիներին կամ ռուսներին: Լեռնադահուկային սպորտը ըմբշամարտ չէ, որ փակ տարածքում՝ գորգի վրա, որքան ուզես՝ մարզվես: Հարկավոր է անընդհատ սահել:   

-Ի՞նչ կա Ծաղկաձորում, որ չես փոխի ուրիշ քաղաքների  հետ:

-Շատ վայրերում եմ եղել, բայց իմ քաղաքն ինձ հոգեհարազատ է, ուրիշ տեղ չեմ կարող ապրել, ուզում եմ իմ քաղաքում ապրել, մարզվել ու տեսնել, թե ինչպես է իմ ծննդավայրում այս մարզաձևը զարգանում:

-Հե՞շտ է քեզ հիասթափեցնելը:

-Ոչ, շատ են լինում պահեր, բայց եթե հիասթափվեի՝ հիմա այս մարզաձևով չէի զբաղվի: Ես միշտ մի պատճառ գտնում եմ ինքս ինձ ոգևորելու, տրամադրելու համար:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը