| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել է 2017թ. օգոստոսին Վանաձորի բնակիչ Էդմոն Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Շահինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի օգոստոսի 14-ին որովայնի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։  Արդյունքում պարզվել էր Է.Հարությունյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1982թ. ծնված տղամարդը դեպքի օրը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64-րդ շենքի դիմաց, Է.Հարությունյանին կյանքից զրկելու նպատակով, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղից հրազենով կրակոցներ է արձակել  նրա ուղղությամբ և դիմել փախուստի:  Է.Հարությունյանը որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով  տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն, որի արդյունքում հաջողվել է փրկել նրա կյանքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին քննիչը որոշում էր կայացրել 1982թ. ծնված Վանաձորի բնակիչ Ա.Շահինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
2018 թվականի հունվարի 8-ին հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։  Այսօր՝ հունվարի 9-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: