կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 11:50
Մշակույթ

«Գրեմմի»-ին ընդառաջ. Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը` կողք կողքի՝ հայկական մշակույթի համար

«Գրեմմի»-ին ընդառաջ. Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը` կողք կողքի՝  հայկական մշակույթի համար

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացված լինելու առթիվ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև դեսպաններ, արվեստագետներ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ մեր հայրենակիցներից շատերն են «Գրեմմի»-ի արժանացել: «Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը: Աստված մարդկանց արվեստի չափաբաժինը շատ տարբեր է բաշխում, դրա համար մի մասը հանդիսատես են, մյուս մասն էլ արվեստագետներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մեզ մնում է միայն հուսալ, որ մեր միավորված ցանկություններն իրականություն կդառնան:

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն հուզիչ համարեց հայկական դրոշի ներքո  հայկական մշակույթի համար Մանսուրյանի հետ կողք կողքի կանգնելը: «Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Խվորոստովսկին երազում էր ձայնագրել այս գործը նվագախմբի հետ: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել այն ավարտին ու ներկայացնել ողջ աշխարհում»,- ասաց նա:

Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ իրադարձությունն ինքնին նշանակալի է՝ «Գրեմմի»-ի են ներկայացվել միաժամանակ երկու՝ տարբեր ստեղծագործական ճանապարհ ունեցող  հայ երաժիշտներ: «Օրբելյանն իր հրաշալի նվագախմբային գործունեությամբ է հասել հաջողության` իբրև դիրիժոր, իսկ ես` իբրև ստեղծագործող երաժիշտ: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և  Օրբելյանն, անշուշտ, նրանց շարքում է»,- ասաց Մանսուրյանը՝ հավելելով, որ առաջին անգամ չէ, որ առաջադրվել է «Գրեմմի»-ի. «Այն ժամանակ, ճիշտ է, չստացանք մրցանակ, ինչը կարող է պատահել նաև այս անգամ, թեև գերադասելի է, որ լինի»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ երկու արվեստագետներն էլ տարբեր մշակույթների մաս են եղել` ռուսական, ամերիկյան և, իհարկե, հայկական, ու ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները: «Անչափ ուրախ եմ, որ մաեստրոներն առաջադրված են` որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս եմ, որ կարժանանան մրցանակի»,- ասաց դեսպանը:

Հիշեցնենք, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Իսկ Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։