կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-13 17:45
Հասարակություն

«Հայոց լեզու»-ն` պարտադիր քննություն, նախաբակալավրիատ. արմատական փոփոխություններ՝ բուհերի կառուցվածքում

«Հայոց լեզու»-ն` պարտադիր քննություն, նախաբակալավրիատ. արմատական փոփոխություններ՝ բուհերի կառուցվածքում

2018-ին կրթության և գիտության նախարարությունն ԱԺ կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծն արդեն հանրային քննարկման է դրված edu.am և e-draft.am էլեկտրոնային կայքերում, նախարարությունն էլ իր հերթին քննարկումներ է կազմակերպում բուհերի ռեկտորների, ուսանողների, ինչպես նաև ՀԿ-ների հետ:

Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ, ներկայացրեց օրենքում կատարվելիք փոփոխությունները, լսեց ուսանողների առաջարկները: Ըստ նրա` օրենքը շատ լուրջ հիմնադրույթներ է պարունակում՝ բարձրագույն կրթության փիլիսոփայության մեջ բերելով արմատական փոփոխության: Մկրտչյանի հավաստմամբ՝ այն հեղափոխական նշանակություն ունեցող օրենք է, որից հետո 3 տարի ժամանակ են տալու բուհերին, որպեսզի կամաց-կամաց իրագործեն փոփոխությունները:

«Սկզբունքային կարևոր մի հարց կա այստեղ՝ կենտրոնում ուսանողն է լինելու: Ուսանողն իր կրթությունը կկարողանա ստանալ բուհից բուհ ազատ տեղաշարժի իրավունքով, այսինքն՝ բակալավրիական կրթության համար եթե, օրինակ, 250 միավոր է նրան անհրաժեշտ, նախ նա կընտրի՝  երկարա՞տև, թե՞ կարճ փուլերով է սովորելու՝ 4-6, թե՞ 8 տարվա ընթացքում: Բացի այդ՝ արմատական փոփոխություն է տեղի ունենալու ֆինանսավորման համակարգում. լիարժեք հավասարություն է դրվելու ոչ պետական և պետական համակարգերի միջև»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ օրենքը հետաքրքիր մի փոփոխություն է ենթադրում՝ ունենալ նախաբակալավրիատ կամ մասնագիտական բակալավրիատ: Բացի այդ՝ պետպատվերի համակարգը կդառնա կրթաթոշակների համակարգ, ակադեմիական ազատությունների ձևը կփոխվի: «Հայաստանը կդառնա մեկ համալսարան, այսինքն՝ յուրաքանչյուր բուհ պետք է բաց լինի ուսանողների մոբիլության համար: Ուսանողը պետք է կարողանա իր կրեդիտները վաստակել ոչ միայն համալսարանում, այլ նաև գիտական հաստատություններում ու բիզնեսում, այսինքն՝ կրեդիտները չպետք է լինեն ձևական: Դրանից զատ՝ բուհի առաքելությունը կհստակեցվի, և բուհի խորհուրդներից յուրաքանչյուրն իր անելիքը կունենա, օրինակ` գիտխորհուրդը ֆինանսական հարցերով չի կարող զբաղվել, դրանով կառավարման խորհուրդը միայն կզբաղվի»,- ասաց նախարարը:

Ըստ Մկրտչյանի` օրենքով նախատեսվում է նաև, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հանձնեն «Հայոց լեզու» առարկայից քննություն:

Հանդիպման ժամանակ ուսանողներն էլ իրենց առաջարկները ներկայացրեցին՝ ասելով, որ բուհի կառավարման մարմիններում ուսանողների մասնակցության 25 տոկոսը պետք է պահպանվի, այլ ոչ թե իջեցվի մինչև 10 տոկոս: Առաջարկ հնչեց նաև օրենքում ամրագրել ԵՊՀ-ի՝ հատուկ կարգավիճակ ունենալը:

Քննարկումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 20-ը, որից հետո կամփոփվեն դրանց արդյունքները, և օրենքը կներկայացվի կառավարությանը: