Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 16:42
Մշակույթ

Խոզի բդի հետևանքները. Հայկ Պետրոսյանի նոր ներկայացումը՝ խոզի բդի «դեմ»

Խոզի բդի հետևանքները. Հայկ Պետրոսյանի նոր ներկայացումը՝ խոզի բդի «դեմ»

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը և ընկերները ներկայացնում են «Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը: Երգիչ-դերասանը բեմից ամփոփելու է տարին և ներկայացնելու է իր մտորումներն ապագայի վերաբերյալ: Հայկի խոսքով` համերգ-ներկայացմանը գերակշռողը երաժշտական հատվածն է լինելու, սակայն լինելու են նաև կատակներ, որոնք հիմնականում Նոր տարվա թեմային են վերաբերելու:

Հայկը նշում է, որ շատ է սիրում Նոր տարին, ավելին՝ այն իր սիրելի տոնն է, սակայն չի սիրում այն անցկացնելու ավանդական դարձած «բդային» տարբերակը: Դեկտեմբերի 18-ին և 19-ին փորձելու է հանդիսատեսի հետ կոտրել նաև այդ կարծատիպը:

 «Չգիտեմ, թե խոզի բուդն ով է անվանել հայկական ավանդական, սակայն, երբ Նոր տարին դարձնում են կենցաղային, այն դառնում է խոզի բուդ, ինչը սխալ է թե′ հոգևոր, թե′ ֆիզիկական առումով. չմոռանանք, որ խոզի բուդը շատ ծանրամարս ուտելիք է: Նոր տարին առողջ սկսելու փոխարեն մենք ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը, հունվարի 1-ին հարբած արթնանում, ասում, որ սա կյանք չէ, և չենք էլ մտածում, որ այդ վատ տրամադրության պատճառներից մեկն էլ ծանրամարս բուդն է, որովհետև այն անդրադառնում է նաև առողջության վրա: Այսպիսի շղթա կա, որի մասին չենք էլ մտածում և բուդ ենք անընդհատ ուտում»,- ասում է Հայկ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է երաժշտական հատվածին, ապա Հայկ Պետրոսյանը ներկայացնելու է սիրված երգեր Նոր տարվա թեմատիկայով և ոչ միայն: Այդ երկու օրերին Հայկի կողքին կլինեն նաև նրա ընկերները: Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայկ Պետրոսյանի հյուրը կլինեն Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը և Միքայել Ոսկանյանը:  Հայկի խոսքով` նրանք իր ընկերներն են, նաև աշխատանքային փորձեր է ունեցել նրանց հետ: «Նրանք իրարից շատ տարբեր են, հետևաբար` նոր գույներ կտան երեկոյին»,- ասում է նա: