կարևոր
460 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-12 17:10
Իրավական

Եթե Ամանորի խոզի բդի յուղը չի սպանել ձեր բջիջները, կտեսնեք, որ Դավիթ Համբարձումյանի գործը քաղաքական է․ Արմեն Աշոտյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում Մոսկվայից ժամանած ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես կալանավորվեց: Մինչ այդ նրա նկատմամբ Առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը մեղադրական ակտ էր կայացրել 2018թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթով, իբր 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են՝ Ժորա Չիչոյանի մաքսիմալ ծանր դատական ակտը կայացվելէ մի նպատակով՝ համայնքապետին մեկուսացնելու համար, քանի որ մի քանի ամիս պակաս պատժաչափի պարագայում վերջինիս վերաբերյալ կալանք չէր կարող կիրառվել:

Նիստը մեկնարկելուն պես բոլոր քաղաքական գործերով հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ նոր է ներգրավվել ու չի հասցրել ծանոթանալ վարույթի նյութերին: Պաշտպանները սակայն նշեցին, որ դատական նիստը կարող են հետաձգել, բայց միայն Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունից հետո:

Նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանն ու հանրային մեղադրողը նշեցին՝ խափանման միջոցի հարցի քննությունը քրեական վարույթից դուրս բան չէ: Հայկ Ավետյանը պնդեց՝ իրեն մեկ շաբաթ ժամանակ է պետք:

Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը  ու դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2026թ. հունվարի 19-ին՝ ժամը 14.00-ին:

Մինչ դատական նիստը, դատարանի բակում լրագրողների հետ է զրուցել Արմեն Աշոտյանն ու վերահաստատել, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։