կարևոր
4192 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 20:12
Հասարակություն

Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը

Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը

Պետությունը մարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունեցել. դատախազը մտավախություն ունի՝ ճշմարտությունը կբացահայտվի: Գործով առաջին վկայի հարցաքննությունից սկսած պարզ էր, թե ինչ է կատարվել իրականում»,- նշեց Մակինյանը:

Նրա խոսքով՝ գործով վկաներից Սեւան Քոչարյանը ամբաստանյալներից մեկի անուն-ազգանունն ընդհանրապես չգիտեր, սակայն նախաքննության ընթացքում անուն-ազգանունը հստակ գրել էր.

«Դա հուշում է, որ վկան եղել է ենթադրաբար ուղղորդված: Դատախազի վրդովմունքը, տեղից վեր կենալը, մեր հարցերը տալուն խոչընդոտելը հետապնդում էր մի նպատակ, որ ճշմարտությունը չբացահայտվի»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։