կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-06 13:49
Հասարակություն

Քաղաքապետարանը բնակարան կնվիրի Զառա Արամյանին, Դավիթ Ամալյանին, Վահրամ Սահակյանին

Քաղաքապետարանը բնակարան կնվիրի Զառա Արամյանին, Դավիթ Ամալյանին, Վահրամ Սահակյանին

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ին արտահերթ նիստ է գումարելու: Նիստի ժամանակ կքննարկվի մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը: Մասնավորապես` բնակարան կնվիրեն հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Ներկայացնում ենք քաղաքապետարանի հիմնավորումները, թե ինչու են նշված մարդկանց նվիրում բնակարաններ:

 «Զառա Արամյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է ամուսնու, երկու տարասեռ երեխաների, ամուսնու ծնողների, ամուսնու եղբոր, վերջինիս կնոջ և երկու երեխաների հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր։ Հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:


«Վահրամ Սահակյանը ՀՀ գրողների միության անդամ է, ապրում և ստեղծագործում է Երևանում, սակայն բնակվում է վարձով մեկ սենյականոց բնակարանում՝ զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից։ Նա ամուսնալուծված է և վերջինիս հայրական տանը բնակվում են մայրը, քույրը, նախկին կինը և երկու տարասեռ երեխաները։ Հաշվի առնելով Վահրամ Սահակյանի անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:

«Դավիթ Ամալյանը չունի սեփական բնակարան և բնակվում է վարձով՝ զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների համաձայն վերջինիս անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ։ Հաշվի առնելով վերջինիս ավանդը հայ երգարվեստի զարգացման և տարածման, ինչպես նաև երկրի պաշտպանության գործում, բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:

«Բերջ Քարազյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է կնոջ և զավակի հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր»: