Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
Դեկտեմբերի 2-ը հայոց պատմության դժնդակ օրերից մեկն է: 1920 թվականի այդ օրը խորհրդային Ռուսաստանը անկախ Հայաստանի իշխանություններից, վերջնագրային ձեւով, պահանջեց հանձնել իշխանությունը: Մյուս կողմից, շարունակվում էր թուրքական զորքերի առաջխաղացումը: Երկիրը եւ իր իշխանությունը հայտնվել էին երկու կրակի արանքում: Բոլշեւիկյան կառավարության բանագնաց Բորիս Լեգրանին հայտնելով անկախ Հայաստանի պատրաստակամությունը բարեկամական սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ Սիմոն Վրացյանը ներկայացնում է մի քանի փաստարկներ համաձայն որոնց նպատակահարմար չէ իշխանափոխությունն ու անկախության կորուստը. «Խորհրդային զորքեր մտցնելու, որ ասել է Հայաստանը խորհրդայնացնելու դեմ առաջ բերի եւ այլ կարգի առարկություններ: Խորհրդայնացման դեպքում Հայաստանը բոլորովին պիտի կտրվեր Եւրոպայից ու Ամերիկայից եւ պիտի զրկվեր այն պարենից, որ ստանում էր այնտեղից: Այդ պիտի նշանակեր սովամահություն հայ ժողովրդի համար, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ սովահար՝ ի վիճակի չէր Հայաստանին ուտելիք հասցնելու»:
Երկրորդ՝ Հայաստանի խորհրդայնացումը մահացու հարված պիտի հասցներ՝ Հայկական խնդրին եւ Հայաստանին տրված բոլոր միջազգային հանձնառություններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթե Հայաստանը պահվեր անկախ, թե՛ դրսի աշխարհից չէր կտրվի, թե՛ կմնար Հայկական հարցի իրավատեր:
Սրա կողքին գոյություն ուներ ավելի լուրջ փաստարկ.«Հայ ժողովուրդը համակիր չէր Հայաստանի խորհրդայնացման»:
Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը նվիրված նյութերի հրապարակման ժամանակագրությունը խախտելով կրճատումներով ներկայացնում ենք մեկ գլուխ Սիմոն Վրացյանի. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՒ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՒ» (ՏՊԱՐԱՆ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՊԵՅՐՈՒԹ 1953) աշխատությունից: Նկարագրվող ճակատագրական օրերին ստանձնելով Անկախ Հայաստանի վերջին վարչապետի լիազորությունները Վրացյանը դառնում է այդ իրադարձությունների թերեւս ամենակենտրոնական դեմքը ինչը, այս պարագայում, առավել չափով արժեւորում է շարադրվող նյութը:
Վերջինս արժեքավոր է նաեւ, որպես պատմական դաս, ինչպես հայտնի է քաղքականության մեջ բարեկամները մշտական չեն, բայց մշտական են շահերը: Ներկայացվող նյութը ունի նաեւ մեր օրերի շատ գործընթացների հետ զուգահեռներ տանելու, թեեւ ոչ ուղղակի, բայց նույնպես արժեքավոր խորհուրդներ:
Arfd.am
Շանթի պատվիրակությունը Մոսկվայից Երեւան վերադարձավ սեպտ.14-ին, շարունակելու համար բանակցությունները Լեգրանի հետ: Հոկտ. 11-ին, Լեգրանը հասավ Երեւան 47 հոգինոց պատվիրակության գլուխը անցած: Լեգրանը անշուշտ, Բաքվում եւ Թիֆլիսում, հող էր պատրաստում Հայաստանի խորհրդայնացման համար:
Ինչպես արդեն տեսանք, համագործակցության որոշ գիծ էր հաստատված բոլշեւիկների, ազրբեջանցիների, իթթիհատականների եւ քեմալականների միջեւ: Այդ գծի հետեւանք էր Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջեւանի գրավումը կարմիր բանակի կողմից: Այդ գծի մեկ մասն էին կազմում եւ թուրքերի պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ:
Հայաստանի կառավարությունը իր ժամանակին, որոշ չափով, իրազեկ էր թուրքերի ծրագիրներին եւ թուրք-բոլշեւիկ միացյալ ճակատի գոյությանը:1920 թ.ամառը Երեւանում ստացվել էր Մուստաֆա Քեմալի Ազգ. Մեծ Ժողովում արտասանած ճառի մանրամասնությունները, ինչպես նաեւ սպայակույտի պետ Ըսմեթ փաշայի եւ Քյազիմ Կարաբեքիր փաշայի միջեւ տեղի ունեցած գրագրությունը Հայաստանին վերաբերող խնդիրների մասին:Այդ տեղից որոշ կերպով երեւում էր, որ Թուրքերը ծրագրում էին հարձակվել Հայաստանի վրա եւ այդ մասին բանակցությունների մեջ էին բոլշեւիկների հետ:
Եւ սեպտ. 23-ին սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Դրանից երեք շաբաթ վերջն էր, որ Երեւան հասավ Լեգրանը իր բազմանդամ պատվիրակությամբ: Եւ հաջորդ օրն իսկ Հայաստանի կառավարության ներկայացրեց Մոսկվայի պահանջները.-
1) հրաժարվել Սեւրի դաշնագրից,
2) թույլ տալ Խորհրդային զորքերին, որ իրենց ռազմամթերքով միասին անցնեն Հայաստանի վրայով՝ միանալու Մուստաֆա Քեմալի բանակին՝ կռվելու համար դաշնակիցների դեմ,
3) սահմանավեճը Հայաստանի եւ հարեւանների միջեւ լուծել Խորհրդ. Ռուսաստանի միջնորդությամբ:
Հայաստանի կառավարությունը կտրուկ կերպով մերժեց առաջին կետը եւ ընդունեց մյուս պահանջները: Մի քանի օրից կողմերը եկան համաձայնության, եւ կազմվեց դաշնագրի նախագիծը, որի գլխավոր կետերն էին.
1) Խորհրդ. Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունը եւ անձեռնմխելիությունը:
2) Զանգեզուրը պիտի մտներ Հայաստանի սահմանների մեջ, իսկ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը պիտի լուծվեր իրավարարությամբ:
3) Խորհրդ. Ռուսաստանը անմիջապես պիտի միջամտեր՝ կասեցնելու համար պատերազմը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
4) 1914թ. սահմանի վրա պիտի ստեղծվեր չեզոք գոտի եւ հայ թրքական սահմանավեճը պիտի լուծվեր Խորհրդ. Ռուսաստանի բարեկամական միջամտությամբ:
5) Հայաստանի կառավարությունը համաձայնվում էր իր երկաթուղիներով եւ խճուղիներով ճամփա տալու ռուսական զորքին անցնելու համար Թուրքիա: Հայաստանի վրայով փոխադրվելիք ռազմամթերքի 30%-ը պիտի հանձնվեր Հայաստանին:
6) Հայաստանը ընդունում էր Խորհրդ. Ռուսաստանի միջնորդությունը իր եւ հարեւանների միջեւ եղած հողային վեճերը լուծելու համար:
7) Խորհրդ. Ռուսաստանը համաձայնվում էր վճարել Հայաստանին երկու եւ կես միլիոն ոսկի ռուբլի, թույլ տալ քարյուղի ազատ մուտք, տալ երկրագործական գործիքներ, վերադարձնել Էջմիածնի Մոսկվա տարված գույքերը, աջակցել հայ գաղթականների վերադարձին եւ այլն:
Լեգրանը դաշնագրի նախագիծը պիտի տաներ Բաքու, ստանար Մոսկվայի հավանությունը եւ շուտով վերադառնար Երեւան՝ ստորագրելու համար «Բարեկամության եւ խաղաղության դաշնագիր Խորհրդ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»:
Թուրքերի հարձակումը Հայաստանի վրա մեծ հրճվանք պատճառեց բոլշեւիկներին: Թիֆլիսի «Կոմունիստ» թերթը գրում էր ցնծությամբ, հոկտ. 24-ին: «Մնում է միայն ուրախանալ, որ Դաշնակցական Հայաստանը գտնվում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստված եղջյուրներ չի տվել»: Իսկ Բաքվի «Կոմունիստը> փառաբանական խմբագրականներ էր հրատարակում Մուստաֆա Քեմալի հասցեին: Բոլշեւիկյան ժողովներում անվերապահ կերպով գովաբանվում էին թուրքերը, որ գալիս էին ազատելու Հայաստանի աշխատավորությունը:
Ի՞նչ էին անում այդ միջոցին հայ բոլշեւիկները: Մտածեցի՞ն մի վայրկյան Հայաստանի պաշտպանության մասին:
Բաքվի «Կոմունիստ» թերթում լույս տեսավ «Անդրկովկասի ու ամբողջ աշխարհի բանվորներին եւ գյուղացիներին» ուղղված մի կոչ, որի տակ ստորագրել էր եւ «Հայաստանի Կոմունիստ Կուսակցության կենտրոնական Կոմիտեն»: Այդ կոչը ստերով, զրպարտություններով, հայհոյանքներով ու սպառնալիքներով համեմված զզվելի մի գրություն էր: Այն պահուն, երբ Հայաստանի ժողովուրդը մահ ու կենաց օրհասական կռիվ էր մղում ջարդարար թշնամու դեմ, հայ բոլշեւիկները, միացած ազրբեջանցի իրենց ընկերների հետ, շանթ ու կայծակ էին թափում Հայաստանի գլխին: «Հայաստանի մռայլ ու խոնավ բանտերը, գրում էինԱվիսներն ու Միկոյանները, որոնք շատ կյանքեր խլեցին արյունոտ ցարի օրով, այժմ վերածվել են կառավարական տաճարների, ուր մաուզերիստները արյունալի խնջույքներ են սարքում Հայաստանի կոմունիստների նկատմամբ: Հայաստանի ներսում կոմունիստական բանվորական շարժումը հաղթահարելով միայն դաշնակները կարողացան Հայաստանը վերածել իմպերիալիստների համար հուսալի հենարանի՝ արեւելքի հեղափոխության դեմ կռվելու համար»:
«Մենք ուխտ ենք տալիս Հայաստանի արյունաքամ բանվորա-գյուղացիական զանգվածներին՝ չենթարկվել ավազկային խմբերի ցածրոգի պրովոկացիային… Մա՛հ Հայաստանի բանվորների եւ գյուղացիների վրա բռնություն կատարողներին»:
Եւ ո՛չ մեկ խոսք ոչ պատերազմի, ոչ էլ Հայաստանի «աշխատավորությունը» կոտորող թուրքերի մասին: Հայ բոլշեւիկները, անշուշտ գիտեին, որ թուրքերը խորհրդային իշխանության գործոն աջակցությամբ էին պատերազմի ելել Հայաստանի դեմ: Թուրքերը նրանց սրտին ավելի մոտ էին, քան Հայաստանի «սպիտակ ավազակային կառավարությունը», քան Հայաստանը ինքը:
Բայց միայն նման խոսքերով չէր, որ հայ բոլշեւիկները պայքար էին մղում Հայաստանի կառավարության դեմ: Նրանք գործով էլ աշխատում էին դյուրացնել Քյազիմ Կարաբեքիրի աշխատանքը: Պատերազմի ընթացքին, թե ընդհանուր զորակոչի ենթարկվածների եւ թե դրսից եկած կամավորների մեջ սպրդել էին բազմաթիվ բոլշեւիկներ, որոնք, գաղտնի կերպով, զինվորների մեջ քարոզում էին պարտվողական գաղափարներ եւ գրգռում Հայաստանի կառավարության, զինվորական հրամանատարության դեմ: Նրանք հավատացնում էին հայ զինվորներին, որ թուրքերը չէ որ հարձակվել էին Հայաստանի վրա, այլ «Դաշնակները» պատերազմ սկսել, որ թուրքերը բարեկամ են բոլշեւիկներին ու դաշնակից խորհրդային իշխանության, որ թուրք բանակի մեջ կան եւ ռուս ու հայ զինվորականներ եւ որ Հայաստան եկող թուրք զորքերը չեն կոտորի հայերին, այլ միայն «Դաշնակների իշխանությունը կտապալեն եւ կօգնեն խորհրդային կարգերի հաստատման»:
1920-ի արյունոտ օրերին, գրում է Վ. Նավասարդյանը, երբ թրքական բանակը գրավելով Սարիղամիշը, հաղթականորեն արշավում էր դեպի Կարս այդ գերագույն տագնապի եւ համազգային աղետի օրերին, հարյուրներով թռուցիկներ էին շրջան անում ժողովրդի ու բանակի մեջ, ուր բոլշեւիկյան կուսակցությունը սեւով սպիտակի վրա ժողովրդին հայտարարում էր մոտավորապես հետեւյալը.
Հա՜յ բանվոր, հա՜յ գյուղացի ու հա՜յ զինվոր.
«Քեմալական հեղափոխական բանակը՝ թուրք բանվորը,աշխատավոր գյուղացին ու հեղափոխական ասկյարը, պարզած խորհրդային կարմիր դրօշը գալիս են փրկելու քեզ քո դահիճների ձեռքից եւ տապալելու քո արյունը ծծող դաշնակների անարգ լուծը»:
«Չկրակես, հայ աշխատավոր զինվոր, եղբայրական թուրք բանակի վրա, նա քեզ բերում է ոչ թե ստրկություն, այլ ազատություն, նա գալիս է օգնելու քեզ քո սրբազան պայքարի մեջ: Երբ տեսնես կարմիր դրոշը, առ զենքերդ եւ միացիր եղբայրական թուրք բանակին ընդդեմ քո ոխերիմ թշնամիների, ընդդեմ անարգ դաշնակների»:
Այս տողերը չափազանց խոշոր գրերով ու Մեսրոպյան տառերով, ստորագրված էին հատուկ թռուցիկների վրա ու տարածվում էին ժողովրդի ու բանակի մեջ:
Տարիներ անխաղաղ ապրած հայ գյուղացու եւ քաղքենու ականջին հաճելի էին այս քարոզները: Վերջ տալ պատերազմին, տուն երթալ ու խաղաղ նստել ռուս բանակի հովանավորության տակ –ինչ ավելի հրապուրիչ հեռանկար:
Իրողությունը այն է, որ հայ բոլշեւիկները դեպի դաշնակցականները ունեցած ատելությունից կուրացած եւ հուսալով թուրքերի օգնությամբ խորտակել Հայաստանի անկախությունը՝ ամեն միջոց գործադրեցին կոտրելու համար հայկական բանակի դիմադրական զորությունը:
Կարսի եւ Ալեքսանդրապոլի շրջանում հայկական հրամանատարությունը պարտվողական քարոզչության ու դասալքության մեկից ավելի դեպքեր է արձանագրել:
Եղան եւ ձերբակալություններ ու դատավարություններ: Տողերիս գրողը անձամբ ականատես է եղել նման երեւույթների Կարսում եւ հարցաքննել է դասալիք սպա Գարագաշին եւ ուրիշներին, որոնք բռնվել էին խռովության եւ դասալքության հանցանքի մեջ:
Պատմում են, որ բոլշեւիկները դեռ Կարսի անկումից առաջ ունեցել են գաղտնի կազմակերպություն, որը գաղտնի հարաբերության մեջ է եղել տաճիկ հրամանատարության հետ, որոշ աշխատանքներ է կատարել տեղում եւ ջանացել է քայքայել մեր զորքերը՝ հրավիրելով նրանց չդիմադրելու տաճիկներին:
«Տաճիկների այդ գաղտնի գործակալ բոլշեւիկները մեր ճակատի ամենաստույգ տեղեկությունները հաղորդել են տաճիկներին, հայ դավաճանների այդ ջանքերի հետեւանքով տաճիկներին հեշտությամբ հաջողվեց գրավել Կարսը»:
Նույն դավաճան կազմակերպության գաղտնի գործակալները երեւան են եկել նաեւ Ալեքսանդրապոլում. «Վերջին հաստատ տեղեկությունների համաձայն բոլշեւիկ կոչվող հայ դավաճանները, որոնք փախել են Ալեքսանդրապոլի բանտից, անցել են թշնամու կողմը եւ պրովոկացիոն լուրեր հաղորդելով՝ աշխատում են գրգռել թշնամուն, անվստահություն ներշնչել կնքված զինադադարի նկատմամբ, որպեսզի տաճիկ հրամանատարությունը խախտի զինադադարը եւ ռմբակոծի քաղաքը. Նրանք լուրեր են տարածում, որ իբր թե, դաշնակցականները, չնայած կնքված զինադադարին, պատրաստվում են դավադրորեն հարձակվել տաճիկ զորքերի վրա»:
«Հառաջի» նույն համարը հաղորդում էր. «Ալեքսանդրապոլի բանտից փախած հայ բոլշեւիկները ընդառաջ են գնացել Ալեքսանդրապոլ մտնող տաճիկ զորքին եւ իրենց խնդակցությունը հայտնելով՝ ձեռք են մեկնել տաճիկ զինվորներին»:
Պատերազմից հետո այդ բոլոր փաստերը երեւան եկան, եւ հայ բոլշեւիկները իրենք էլ, իրենց կաշիի փորձով, համոզվեցին, որ չարաչար խաբված էին: Ահա, օրինակ, ինչ է պատմում Հայաստանի նախարար բժ. Ա. Բաբալյանը, որ Կարսի անկումից հետո, գերի էր ընկել թուրքերի ձեռքը:-«Մեր գերության հինգերորդ օրը մեզ այցելեցին հինգ հայեր՝ մի քանի տաճիկ սպաների հետ՝ զարդարված կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք. Պտտում էին հանրակացարանները եւ իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Հեղկոմի անդամներ էին: Այնպես էին հավատացրել սրանց տաճիկ սպաները, որ իբր թե, Կարսը պիտի հանձնեն բոլշեւիկյան իշխանության: Եւ ամեն կերպ փայփայում էին կոմունիստ տականքներին. Փոխարենը սրանք մատնություններ էին անում եւ ցույց տալիս պահեստների տեղերը եւ անհրաժեշտ տեղեկություններ էին տալիս հայ զորքի եւ երկրի վերաբերյալ»:
«Պատերազմը վերջացավ հայերի պարտությամբ, եւ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Հայաստանը լքված էր բոլորից: Դաշնակիցները ո՛չ մի օգնություն չհասցրին, Վրաստանը բարեկամ էր քեմալական Թուրքիային եւ մնաց չեզոք». Ազրբեջանը թշնամի էր. Թշնամի էր եւ Խորհրդ. Ռուսաստանը, որ գործոն կերպով աջակցում էր թուրքերին հայերի դեմ:
«Տարբեր չէր եւ Լեգրանի ընթացքը, նա գնաց Բաքու եւ վերադարձավ միայն հոկտեմբերի սկիզբը: Ի՞նչ արավ նա Բաքվում կամ ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ, մանրամասնությունները հայտնի չեն մեզ, բայց ինչ որ հայտնի է կասկած չի թողնում, որ Բաքվում որոշվեց օգտվելով դեպքերի նպաստավոր դասավորությունից, Հայաստանը ենթարկել խորհրդայնացման»:
Այսպես՝ նոյեմբ. 4ին, Բաքվում, տեղի է ունենում Ազրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Պոլիտբյուրոյի եւ Համամիութենական Կոմունիստական Կուսակցության կենտր. Կոմիտեի Կովկասյան Բյուրոյի անդամների լիագումար ժողովը, որին մասնակցել է եւ ինքը Ստալինը: Օրակարգի հարցեր են լինում՝ բանակցություններ Վրաստանի հետ եւ կացությունը Հայաստանում(**):
Անկասկած, նոյեմբ. 4-ի այդ ժողովը նկատի ունի տիկ. Օրջոնիկիձեն՝ այն օրերին Ստալինի աջ բազուկ եւ նույն Ստալինի կողմից հաշվեհարդարի ենթարկված Սերգո Օրջոնիկիձեի այրին, երբ իր ամուսնուն նվիրված «Մի բոլշեւիկի ուղին» իր հատորում գրում է.
«Երբ 1920-ին Կովկաս ժամանեց Ի. Վ. Ստալինը, հետեւյալ առաջադրանքը արավ.- օժանդակել Հայաստանի ապստամբած աշխատավորության»:
«Դաղստանի եւ Թերեքի համագումարների ավարտումից հետո, Սերգոն Բագու վերադարձավ եւ 19 նոյեմբ. 1920-ին 11-րդ բանակի զորամասերը ուղարկեց տապալելու համար դաշնակների ատելի կառավարությունը»:
Կարսի անկումից հետո, պատերազմի ընթացքը հայերի համար դարձավ այլեւս հուսահատական: Տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, եւ ինձ վիճակվեց ցմրուր ըմպել դառնության բաժակը: Իբրեւ վարչապետ եւ արտաքին գործերի նախարար, այնուհետեւ ե՛ս գործ ունեցա Լեգրանի հետ եւ, ուրեմն, կարող եմ խոսել որպես դեպքերի անմիջական մասնակից: Հայ ժողովրդի եւ պատմության առաջ ես պատասխանատու եմ իմ արձանագրած յուրաքանչյուր բառի համար:
Պաշտոնի անցնելուց անմիջապես հետո, ես հարաբերության մեջ մտա Լեգրանի հետ: Կառավարության նպատակն էր սերտ բարեկամություն հաստատել Խորհրդ. Ռուսաստանի հետ եւ ապահովել նրա աջակցությունը: Ամենքի համար պարզ էր այն օրերին, որ Հայաստանը կամ Ռուսաստանի հետ պետք է լինի, կամ պետք է դառնա թուրքերի ձեռքին խաղալիք, եթե չբնաջնջվի իսպառ: Ես հարցը դրի հստակ ու վճռական կերպով – Ռուսաստանը կարո՞ղ է մեզ օգնել եւ, եթե այո՝ ինչո՞վ եւ Ի՞նչպես: Նույնքան պարզ ու վճռական եղավ եւ Լեգրանի պատասխանը: Նա առաջարկեց հետ կանչել Խատիսյանի պատվիրակությունը Ալեքսանդրապոլից, մերժել թուրքերի պահանջները եւ խորհրդային զորք մտցնել Հայաստան:
Ես ցույց տվի Լեգրանին, որ մինչեւ որ ռուսները կարողանան շոշափելի ուժ հասցնել Երեւան առնվազն մեկ շաբաթ պիտի պահանջվի, մինչդեռ թուրք բանակը կանգնած էր Արաքսի ափին, Մարգարայի կամուրջի մոտ, հազիվ 20-25 մղոնի վրա Հայաստանի մայրաքաղաքից: Եթե կառավարությունը խզե բանակցությունները, այդ պիտի նշանակե պատերազմի վերսկսում. Ի՞նչ ուժ կարող է արգելել թուրքերին Հայաստանի մնացած մասն էլ գրավելու: Խորհրդային իշխանության խո՞սքը: Ի՞նչ երաշխիք, որ թուրքերը կարեւորություն կտան այդ խոսքին:
Լեգրանի խոսքերից պարզ էր մի ուրիշ պարագա. Նրան հայ ժողովրդի ապահովությունից ավելի հետաքրքրում էր Հայաստանի խորհրդայնացման հարցը, բայց այդպիսի պահանջ դեռ չէր կարող դնել, որովհետեւ լավ տեսնում էր, որ հայ ժողովուրդը համակիր չէր Հայաստանի խորհրդայնացման:
Խորհրդային զորքեր մտցնելու, որ ասել է Հայաստանը խորհրդայնացնելու դեմ առաջ բերի եւ այլ կարգի առարկություններ: Խորհրդայնացման դեպքում Հայաստանը բոլորովին պիտի կտրվեր Եւրոպայից ու Ամերիկայից եւ պիտի զրկվեր այն պարենից, որ ստանում էր այնտեղից: Այդ պիտի նշանակեր սովամահություն հայ ժողովրդի համար, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ սովահար՝ ի վիճակի չէր Հայաստանին ուտելիք հասցնելու:
Երկրորդ՝ Հայաստանի խորհրդայնացումը մահացու հարված պիտի հասցներ՝ Հայկական խնդրին եւ Հայաստանին տրված բոլոր միջազգային հանձնառություններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթե Հայաստանը պահվեր անկախ, թե՛ դրսի աշխարհից չէր կտրվի, թե՛ կմնար Հայկական հարցի իրավատեր: Խորհրդ. Ռուսաստանին հարկավոր է Հայաստանի բարեկամությո՞ւնը-մենք այդ կապահովենք:Բոլշեւիկների համար անհրաժեշտ են Հայաստանի ճանապարհնե՞րը-մենք կտանք:
Լեգրանը պատասխանեց. Հայերը ընդմիշտ պետք է հրաժարվեն Եւրոպայից ու Ամերիկայից եւ խաչ քաշեն Սեւրի դաշնագրի վրա: Հայերը իրենց հույսը պետք է կապեն միայն համաշխարհային հեղափոխության եւ բանվորա-գյուղացիական Ռուսաստանի հետ: Ծիծաղելի է խոսել ինչ որ ալյուրի մասին, որ ամերիկյան բանկիրներն ու պատվելիները, իբրեւ ողորմություն, շպրտում են հայերի առջեւ. Ի՞նչ բան է Ռուսաստանի համար Կուբանից մի քանի միլիոն փութ ալյուր հասցնելը Հայաստան:
Լեգրանը առարկեց եւ Հայաստանի սահմանների վրա ռուս զորքերը կենտրոնացնելու դեմ. այդ կարող էր դժգոհություններ առաջացնել թուրքերի կողմից եւ առիթ դառնալ անբաղձալի հետեւանքների: Թուրքերին պետք է դնել կատարված փաստի առջեւ եւ մինչեւ Ալեքսանդրապոլ գրավել ռուսական զորքերով:
Բանակցությունները դրական արդյունք չտվին. Կառավարությունը վախենում էր, որ եթե կարմիր բանակը Հայաստան մտներ հյուսիսից, թուրքերը առաջ կշարժվեին հարավից եւ ռուսների հասնելուց շատ առաջ կգրավեին Երեւանը: Այդ պատճառով կառավարությունը աշխատում էր Ալեքսանդրապոլի բանակցությունները չխզել եւ հաշտության հարցը հասցնել իր տրամաբանական վախճանին:
Մինչ բանակցությունները Լեգրանի հետ շարունակվում էին, վերջինս, նոյեմբ. 29-ին, վերջնագրի ձեւով, կառավարության արավ հետեւյալ հայտարարությունը.-«Ռուսաստանի Կոմունիստ. Կուսակցության Կենտրոնական Կոմիտեն որոշել է Հայաստանում մտցնել խորհրդային կարգեր: Հայաստանի Հեղկոմը արդեն ոտք է դրել Հայաստանի հողի վրա: Դանդաղելը հղի է ծանր հետեւանքներով: Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է լինելու ձեր դիրքը»: Եւ հաջորդ առավոտ ներկայացրեց Հայաստանի խորհրդայնացման գրավոր պահանջ:
Հայաստանը ընկել էր երկու կրակի միջեւ: Կառավարության ուրիշ ելք չէր մնում, բայց եթե տեղի տալ եւ հասկացողության գալ Խորհրդ. Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Հայաստանի խորհրդայնացումը այլեւս դառնում էր անխուսափելի:
Նոյեմբերի 30-ին սկսվեցին բանակցությունները կառավարության ներկայացուցիչ Դրոյի ու Հ. Տերտերյանի եւ Լեգրանի միջեւ, որոնք տեւեցին երկու օր:
Եւ մինչեւ Երեւանում տեղի էին ունենում ողբերգական բանակցությունները, անդին Բաքուն ցնծությամբ տոնում էր իր դավադրության հաղթանակը:
Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռ խորհրդայնացած չէր, տեղի ունեցավ Սովետների հանդիսավոր նիստը «Հայաստանի սովետացման առթիվ»:
Նույն նիստում Ազրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը կարդաց Հեղկոմի դեկլարացիան, որով հանդիսավոր կերպով հայտարարում էր, որ Սովետ. Ազրբեջանը զիջում է եղբայրական Հայաստանին Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը:
Վերջը հայտնի եղավ, որ թե Նարիմանովի, թե Օրջոնիկիձեի ճառաբանությունները անկեղծ չէին, այլ նպատակ ունեին խաբել հայ բոլշեւիկներին եւ հանրային կարծիքը. Ղարաբաղն ու Նախիջեւանը մնացին եւ մինչեւ այսօր էլ մնում են Ազրբեջանի տիրապետության տակ: Մի խաբեություն, որ «մարդկային պատմության մեջ իր օրինակը չունի…»:
Դեկտ. 2-ին ստորագրվեց …. համաձայնագիրը Հայաստանի Կառավարության ներկայացուցիչների եւ Լեգրանի միջեւ:
Լեգրանի եւ կառավարության միջեւ համաձայնություն կայացավ, որ դեկտ. 2-ի գիշերվա ժամը 12-ին իշխանությունը հանձնվի զին. Նախարար Դրոյին եւ սա, խորհրդական ունենալով Սիլինին, կառավարե երկիրը, մինչեւ Հեղկոմի ժամանումը Ազրբեջանից:
Բայց այս հարցի մեկ մասն էր միայն. կար եւ պատերազմի խնդիրը:
Թուրքերը ծանոթ էին Երեւանի դեպքերին եւ շտապում էին կանխել:
Նոյեմբ. 30-ի երեկոյան Քյազիմ Կարաբեքիր փաշան Հայաստանի պատվիրակության ներկայացրեց թրքական պայմանները եւ հաջորդ առավոտյան վերջնագրի ձեւով պահանջեց այդ պայմանների ընդունումը, հակառակ պարագային սպառնալով վերսկսել պատերազմական գործողությունները:
Հաշտության խնդրից առաջ արդեն որոշված էր ընդունել Լեգրանի վերջնագիրը, այժմ պետք էր գտնել թրքական դաժան պայմաններից խուսափելու միջոցը: Ձեւականորեն այդ միջոցը արդեն գտնված էր. որոշված էր իշխանությունը զիջել բոլշեւիկներին, հեշտ էր դաշնագրի ստորագրությունն էլ թողնել նրանց: Բայց արդյոք ա՞յդ կլիներ լավագույն ելքը: Անձնապես մեզ համար, իհարկե այդ կլիներ բարիք. Պատմության առաջ մենք ազատ կլինեինք Ալեքսանդրապոլի «խայտառակ» դաշնագիրը ստորագրելու պատասխանատվությունից, բայց դրանից հայ ժողովուրդը կշահե՞ր:
Հանուն հայ ժողովրդի փրկության, պետք էր ստանձնել պատասխանատվությունը պատմության առջեւ եւ ստորագրել դաշնագիրը: Եթե բոլշեւիկները, իրոք, այնքան ազդեցիկ էին թուրքերի առջեւ, նրանց համար դժվար չէր լինի մերժել «դաշնակների» ստորագրությունը եւ Հայաստանի համար ավելի նպաստավոր դաշնագիր կնքել: Եթե բոլշեւիկները այդ կարողությունը պիտի չունենան վաղը, նշանակում է այսօր էլ նրանց խոստումները անարժեք էին:
Կրկնում եմ ձեւականորեն մենք ամեն իրավունք եւ հնարավորություն ունեինք խուսափելու եւ այդ անախորժ պարտականությունը ձգելու բոլշեւիկներին: Մեր կողմից այդ կլիներ ճարպիկ մի խաղ, որ ծանր դրությանմեջ պիտի դներ հայ բոլշեւիկներին, որոնք …. Թուրքերի աչքին ավելի արժեք չունեին, քան դաշնակցականները: Կասկած չկա, որ հայ բոլշեւիկներն էլ, այս անգամ Մոսկվայի ճնշումով, ստիպված պիտի լինեին ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ինչպես մոտ մի տարի վերջը ստորագրեցին Կարսի ավելի խայտառակ դաշնագիրը:
Մինչ այստեղ, թե՛ կառավարության եւ թե՛ պատվիրակության արածը, իրավական տեսակետից, օրինական էր: Բայց դաշնագրի մեջ կար իրավական մի կարեւոր պայման: Ստորագրությունից հետո, մեկ ամսվա ընթացքում, դաշնագիրը պետք է վավերացվեր Հայաստանի խորհրդարանի եւ Թուրքիո Ազգ. Մեծ ժողովի կողմից: Այդ վավերացումը տեղի չունեցավ, հետեւաբար, եւ դաշնագիրը իր օրինական հանգամանքը կորցրեց: Միակ այս փաստը բավական էր, որպեսզի Հայաստանի հեղկոմը չճանաչեր Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եթե իսկապես բոլշեւիկներն ուզում էին Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովել: Բայց, ինչպես վերը տեսանք, բոլշեւիկները չուզեցին կամ չկարողացան օգտվել այդ փաստից:
Հետգրության փոխարեն.
Փոքրիկ մեջբերում 1979 թվականին Երեւանում տպագրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ» 5-րդ հատորի Կարս հոդվածից (էջ 344)«1917-ի մարտին Կ-ում հեղափոխականորեն տրամադրված զինվորներն ապստամբեցին եւ ստեղծեցին զինվորների դեպուտատների սովետ: 1918-ի ապրիլի 25-ին Կ. գրավեցին թուրքերը՝ բնակչությանը ենթարկելով բռնության եւ կոտորածների: 1919-ի ապրիլից թուրք. զորքը էվակուացվեց, եւ Կ. մտավ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1920-ի մայիսի 10-ին Կ-ում ապստամբություն բռնկեց դաշնակցական տիրապետության դեմ: Ապստամբությունը գլխավորում էր Ռազմահեղափոխական կոմիտեն՝ Ղ. Ղուկասյանի գլխավորությամբ: Սակայն ապստամբությունը պարտվեց: 1920-ի հոկտ. 30-ին թուրքերը նորից գրավեցին Կ., հայ եւ ռուս բնակիչներն ստիպված հեռացան քաղաքից: 1921-ի Կարսի պայմանագրով Կ. անցավ Թուրքիային»: