կարևոր
5845 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-26 14:44
Քաղաքական

Հայաստանն այժմ ի վիճակի չէ ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ պատերազմն անհնար լինի. Բոգդան Բեզպալկո

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պատերազմն անհնարին դառնա։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը պարզապես ի վիճակի չէ նման իրավիճակ ստեղծել։

«Իմ կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ո՛չ հայկական կառավարությունը, ո՛չ էլ Հայաստանն ընդհանուր առմամբ այժմ ի վիճակի չեն ստեղծել մի իրավիճակ, որի դեպքում պատերազմը միանշանակ անհնար կդառնա։ Դրա համար երկիրը պետք է ինչ-որ վիթխարի ուժեր, կարողություններ ունենա։ Հայաստանում այդ ամենը չկա։ Այդ ամենը կարող է ապահովվել ինչ-որ հզոր միջազգային աջակցությամբ, որը Հայաստանը նույնպես չունի։ Ֆրանսիայի հայտարարությունն ընդամենը խոսքեր են, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը շատ ինտենսիվ փչացնում է։ Բացի այդ, Ռուսաստանն ամենևին էլ տրամադրված չէ մտնել Կովկասում ինչ-որ խոշոր ռազմական հակամարտությունների մեջ։ Հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն հրաժարվում միջանցք բացելու մտադրությունից, ուստի Փաշինյանի հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, պարզապես դատարկ խոսքեր կլինեն»,-ասել է Բեզպալկոն։

Քաղաքագետի խոսքով՝ խոշոր ռազմական հակամարտությունից կարելի է խուսափել, եթե հույսը դնենք Ռուսաստանի վրա։

«Ընդհանուր առմամբ, խոշոր ռազմական հակամարտությունից դեռ կարելի է խուսափել, բայց դրա համար Հայաստանն ու Փաշինյանը պետք է հենվեն ռուսական ղեկավարության, ռուսական ռազմական ներկայության վրա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն հարձակվել Հայաստանի վրա, ապա միութենական պայմանագրի ուժով Ռուսաստանը պարտավոր կլինի պաշտպանել Հայաստանը։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և պայմանագիր կնքի Ֆրանսիայի կամ որևէ մեկի հետ, ապա այդ ժամանակ Ռուսաստանը կազատվի այդ պարտավորություններից։ Հատկապես, եթե ռուս զինվորականները, Փաշինյանի ճնշման տակ, լքեն Հայաստանի տարածքը»,- եզրափակել է Բեզպալկոն։