Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, այնուամենայնիվ անելիքներ դեռ շատ են:
Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նկատել է, որ լինելով հարևան բարեկամ երկրներ՝ Հայաստանն ու Իրանն առևտրատնտեսական գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և չնայած այս տարի արտահանում-ներմուծում ուղղությամբ արձանագրված աճին, առկա ցուցանիշները չեն արտացոլում երկկողմ տնտեսական կապերի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները:
«Շատ ուրախ եմ, որ այսօր Երևանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բավական հեռանկարային այց Իրան և պայմանավորվել ենք տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստ է՝ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր առևտրաշրջանառությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետին փոխանցելով ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները՝ նախարար Զարիֆը նշել է. «Ձեր այցելությունն Իրան շատ կարևոր և հաջողված էր: Մենք Հայաստանն ընկալում ենք որպես լավ հարևան:Մեր հարաբերությունները շատ ավելի երկար ժամանակահատվածի պատմություն ունեն, քան 25 տարին, և այդ լավ հարաբերությունները արժեքավոր կապիտալ են երկու երկրների համար, որից պետք է կարողանանք օգտվել»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը համակարծիք էր ՀՀ վարչապետի հետ, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, և Իրանը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացմամբ: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարման հետագա քայլերը և փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և´ հայաստանցի, և´ իրանցի, և´ երրորդ երկրների գործարարների համար: Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում: Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ Իրանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար և իր ջերմ ողջույնները փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին: