կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-22 12:52
Հասարակություն

Սկզբունքի խնդիր է` 18 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի. Լևոն Մկրտչյան

Սկզբունքի խնդիր է` 18 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի. Լևոն Մկրտչյան

ԱԺ-ում մեկնարկել են տարկետման սահմանափակման դեմ հանդես եկող ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները։ Հանդիպմանը ներկա են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ վարում է նիստը։

Քննարկումները սկսվեցին մեկ րոպե լռությամբ`  ի հիշատակ այսօր Արցախում ականի պայթյունից զոհված երեք զինծառայողների։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ պետք է փորձել ամրագրել, թե ինչ խնդիրներ կան, որպեսզի հարցերը լուծվեն:

«Հակասություն չկա բանակային ծառայության և գիտության զարգացման միջև, այս խնդիրն արհեստական է: Եթե խոսքն անընդհատության մասին է, ապա Արցախյան շարժման ժամանակ հիմնական շարժիչ ուժը գիտնականներն էին, ովքեր թողեցին իրենց գրիչը և գնացին ծառայելու: Սկզբունքի խնդիր է, իսկ այն հետևյալն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այս սկզբունքը ընդունելի սկզբունք է և քննարկման ենթակա չէ»,- ասաց նախարարը:

Նա, այդուհանդերձ, ընդունեց, որ որոշ մասնագիտությունների համար, իրոք, կա անընդհատության խնդիր: «Բայց քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, ապա այն հնարավորություն է տալիս երիտասարդներին անցնելու բակալավրիատի կրթություն, հետո շարունակել ուսումը: Նույն ձևով կարելի է առաջարկել, որ բակալավրիատն ավարտելուց հետո գնան սպայական աշխատանքի. այդ մեկ տարվա ընթացքում մասնագիտական իրենց որակները չեն կորցնի և կզբաղվեն իրենց մասնագիտությամբ»,- ասաց Մկրտչյանը և նշեց, որ հարկավոր է հասկանալ, թե որ մասնագիտական ուղղություններն են, որ անընդհատության խնդիր ունեն: Նախարարը շեշտեց, որ ՊՆ-ի հետ հենց այդ խնդիրը պետք է լուծեն:

Նա նաև նշեց, որ ավելի հեշտ է դառնում մագիստրատուրայից ասպիրանտուրա անցումը:

«Այս բոլոր հարցերը ենթաօրենսդրական դաշտի հնարավոր լուծումների տիրույթում են: Տասնյակից ավելի ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունել»,- նշեց նախարարը:

Ըստ նրա` երիտասարդների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի հետ պետք է որոշեն` ում տալ արտոնություն և ինչ չափանիշների դիմաց: «Պատկերացնում եմ, որ կձևավորվի լուրջ հանձնաժողով` ՊՆ, ԿԳ նախարարության, գիտական հանրույթի, երիտասարդ մասնակիցներից, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիր կա, որոնք են այդ դաշտերը, և ինչ ձևով կարող ենք խնդիրը լուծել»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ խնդիրը երկու տարվա է, և երբ գա պարտադիր զինապարտություն անցնելու սերունդի հերթը, անընդհատությունը չի խախտվելու, որովհետև գնալու են ծառայեն և գան, սովորեն:

Ամփոփելով իր զեկույցը` Մկրտչյանը ողջունեց երիտասարդների այն միտքը, որ իրենց խնդիրը քաղաքական չէ: «Ես տպավորված եմ, որ նրանք անձնական խնդիր չունեն: Իսկապես պատրաստակամություն կա հասկանալու, հարցը լուծելու»,- ասաց նա: