կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 12:38
Առանց Կատեգորիա

Փոխհարաբերություններն այլ ուժերի հետ պետք է կառուցված լինեն հարգանքի և գործընկերության սկզբունքի վրա

Փոխհարաբերություններն այլ  ուժերի հետ պետք է կառուցված լինեն հարգանքի և գործընկերության սկզբունքի վրա

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, 2012-2014թթ․ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: Նա ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում:

 

- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, տարբեր ուժերի համար դժվար կլինի ընտրողի վստահության քվեն ակնկալել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

- Եթե գնանք այն ճանապարհով, որով գնացինք Երևանի ավագանու ընտրություններում, երբ հասարակությունն արհետականորեն բաժանեցին սևերի ու սպիտակների կամ հեղափոխականների ու հակահեղափոխականների, չեմ կարծում, որ լավ բանի կհասնենք: Նման իրավիճակում դժվար կլինի գնալ գաղափարական ու ծրագրային պայքարի: Այս ընտրությունները, իրոք, բախտորոշ են մեր պետության համար, և եթե գնանք այդ ճանապարհով, ապա դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել մեզ համար:

Ինչ վերաբերում է ընտրողին համոզելուն, կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ մեր պետության առջև ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ միմյանց մեջ հակառակորդներ փնտրելու փոխարեն պետք է անցնենք յուրայիններ փնտրելու և մեր պետությունը զարգացնելու գործին՝ դիմակայելու համար առաջիկայում մեզ սպասվող մարտահրավերներին: Իսկ Դաշնակցությունն այն ուժն է, որը բազմիցս ապացուցել է դա մեր պետության և ժողովրդի համար   բախտորոշ պահերին: Նման ուժի առկայությունը խորհրդարանում, կարծում եմ, անհրաժեշտություն է և բխում է մեր պետության և ժողովրդի շահերից:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

 - Դաշնակցությունը մշտապես հանդես է եկել և պետք է շարունակի ավելի մեծ ճիգով հանդես գալ ազգային շահերի դիրքերից, մասնավորապես` Հայաստանի, Արցախի պաշտպանություն, Ցեղասպանության հետևանքների վերացում և հատուցում, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանություն սպառնացող վտանգներից, որոնք վերջին շրջանում ավելի առարկայական են դարձել: Ընտրվելու դեպքում, բնականաբար, զբաղվելու եմ նաև Արարատի մարզում առաջնահերթ համարվող գյուղատնտեսական խնդիրներով, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության և բնական աղետներից վնասի իրական փոխհատուցման մեխանիզմների ներդրման, մարդկանց զբաղվածության հարցերով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերությունները այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

- Փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ պետք է կառուցված լինեն միմյանց նկատմամբ հարգանքի և գործընկերության սկզբունքի վրա՝ անկախ նրանից` դու ընդդիմություն ես, թե` իշխանություն: Եվ կարծում եմ, որ ՀՅԴ-ն միշտ էլ փորձել է պահպանել այդ սկզբունքը:

-Հանրությունը պահանջում է երիտասարդ և նոր կադրեր։ Արդյո՞ք Դաշնակցությունը նույնպես գնում է երիտասարդացման ճանապարհով։

- Երիտասարդացման ճանապարհով գնալու հստակ դրսևորում էր ՀՅԴ վերջին Գերագույն ժողովի կողմից ընտրված Գերագույն մարմնի կազմը, որը գրեթե ամբողջությամբ փոխվեց: Երիտասարդացման քաղաքականությունը  դրսեւորվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ թեկնածուների ցուցակում, որն այսօր ներկայացված է հանրությանը:

Մ.Մ.