կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 21:48
Արցախ

Արցախի պատմաերկրագիտական թանգարանը այսուհետ նաև որպես գիտական կենտրոն պետք է ծառայի

Արցախի պատմաերկրագիտական թանգարանը այսուհետ նաև որպես գիտական կենտրոն պետք է ծառայի

Օգոստոսի 20-ին, ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը հյուրընկալվել է ԱՀ նախագահի ՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՄ մշակույթի գծով փոխնախարար Գայանե Գրիգորյանը և մշակույթի հարցերով խորհրդական Մելանյա Բալայանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ նախագահի 2020-2025 թվականների մշակույթի ոլորտի ծրագրային դրույթների կենսականացմանն ուղղված առաջիկա նպատակներն ու անելիքները: ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի՝ գալիք տարի նախատեսվող վերակառուցմանը, կարևորել է համապատասխան գերատեսչության գործուն մասնակցությունը կատարվելիք աշխատանքին:

Հանդիպման բուն թեման, սակայն, Արցախում թանգարանային գործի զարգացման ռազմավարությանն էր վերաբերում. առաջիկայում ավարտուն տեսք կստանա Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, ինչը նշանակում է, որ թանգարանն այսուհետ պիտի գործունեություն ծավալի նոր ու ժամանակակից սկզբունքներով: Զրուցակիցները համակարծիք են՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանը այսուհետ նաև որպես գիտական կենտրոն պետք է ծառայի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են Արցախի պատմությամբ ու մշակույթով:

Թանգարանի պլանի ստեղծման, ժամանակաիից տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման խնդիրները լուծելու համար ԱՀ ԿԳՄ նախարարությունն առաջիկայում համագործակցություն կստեղծի հայաստանյան թանգարանային գործի լավագույն գիտակների հետ, ինչի արդյունքում Արցախի նորաբաց թանգարանը այցելուներին կներկայանա նորովի:

Արմեն Սարգսյանի խորհրդով՝ առաջիկայում ԱՀ ԿԳՄ նախարարությունում ձեռնամուխ կլինեն Արցախի թանգարանային քարտեզի ստեղծմանը. սա ենթադրում է թեմատիկ թանգարանների նախագծում Արցախի շրջկենտրոններում ու առանձին համայնքներում, որոնցում կներկայացվեն բնակավայրի պատմությունը, ազգագրական առանձնահատկություններն ու ավանդույթները: Այս թանգարանները կարող են գործել ինչպես առանձին, այնպես էլ համայնքային մշակութային տներին կից:

Կվերափոխվի ու կվերանայվի նաև համայնքային մշակութային տների գործունեությունը: Պահպանելով ապակենտրոնացման սկզբունքը՝ այս կառույցները պիտի սկսեն գործել ժամանակին համաքայլ՝ մի կողմ դնելով բացառապես սոցիալական խնդիր լուծելու՝ տարիներ շարունակ ձևավորված ավանդույթը:

Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում: Նախանշված նպատակների ուղղությամբ: