կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 15:23
Հասարակություն

«Լավ լրագրողը ողջ լրագրողն է». ռազմական լրագրողների մասնակցությամբ դասընթաց՝ Արցախում

«Լավ լրագրողը ողջ լրագրողն է». ռազմական լրագրողների մասնակցությամբ դասընթաց՝ Արցախում

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նոյեմբերի 17-19-ը Արցախում անցկացվեց «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով դասընթաց: Ծրագրի շրջանակներում լրագրողներին իրենց փորձը ներկայացրեցին ռազմական լրագրության ոլորտում փորձառություն ունեցող ինչպես հայ, այնպես էլ միջազգային լրագրողներ:

Սևծովյան ինստիտուտի հիմնադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մայքլ Լամբերտը, ով իր գործունեության ընթացքում եղել է պատերազմական մի շարք գոտիներում, այդ թվում` Արցախում (2016թ. ապրիլյան սրացման ժամանակ), լրագրողների համար դասախոսություն կարդաց «Լրագրությունը և օբյեկտիվությունը պատերազմական իրավիճակում» թեմայով:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ, խոսելով 2017թ. ապրիլին Արցախում ԶԼՄ-ների աշխատանքը կազմակերպելու ընթացքում առաջ քաշված հարցերի մասին, հայտնեց, որ այս ընթացքում համապատասխան պայմաններ են ստեղծվել լրագրողների համար որոշակի տեխնիկական պայմաններ ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերջերս Պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն է հիմնել, որը հնարավորություն է տալիս ապահովելու աշխատանքի պայմաններ ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ առաջիկայում մտադիր են մեծացնել տեղեկատվական կենտրոնի տարածքը: «Նորաբաց տեղեկատվական կենտրոնի մի հատվածը նախատեսված է մամուլի ասուլիսների համար, մյուս տարածքը` լրագրողների համար: Տարածքն ապահովված է ինտերնետ կապով, համակարգիչներով»,- ասաց նա և հավելեց, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ գրավոր պայմանավորվածություն են ձեռք բերել ճգնաժամային իրավիճակներում տեխնիկական հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է պատերազմական իրավիճակում արբայնակային կապ ապահովելուն: «Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ թեև ինտերնետի ամբողջական անջատման խնդիր չունեցանք, բայց դրա վտանգը մեծ է: Մենք փորձում ենք այլընտրանքային միջոցներ գտնել, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանանք ապահովել ինտերնետի հասնելիությունը»,- ասաց Աբրահամյանը:

Նա կարևորեց նաև օտարերկրյա լրագրողների աշխատանքը կազմակերպելու, ճգնաժամային իրավիճակներում նրանց ուղեկցելու և թարգմանիչներով ապահովելու հարցը:

Դասընթացի ընթացքում լրագրողները ՊՆ ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկեցին ՊՆ-ի կողմից ներկայացված` հասարակության շրջանում բուռն քննարկման առարկա դարձած «Ազգ-բանակ» հայցեակարգը, դրանց հիմնական բաղադրիչը կազմող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, ինչպես նաև ռազմական կրթությանը վերաբերող հարցեր:

Ապրիլյան պատերազմի, տեղեկատվական սպառնալիքների, պատերազմական իրավիճակներում լրագրողների աշխատանքի և այլ հարցերի շուրջ հետաքրքիր քննարկում ծավալվեց «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ: Նա լրագրողներին ներկայացրեց պատերազմական իրավիճակում աշխատելու իր փորձը՝ կարևորելով անվտանգության տարրական կանոնների պահպանումն ու ճշտված ինֆորմացիա տեղ հասցնելը: Նրա խոսքով՝ ցանկալի է, որպեսզի լրագրողն իր հետ դաշտային պայմաններում աշխատելու համար նախատեսված անհրաժեշտ իրեր ունենա, նախքան պատերազմական գոտի մեկնելը տեղեկություններ ունենա տվյալ բնակավայրի մասին, հուսալի և հնարավորինս անվտանգ վայրում գտնվող կացարան գտնի և այլն:

Ըստ Ալավերդյանի` լրագրողը պատերազմական գոտում պետք է կրի տարբերակիչ հագուստ, որպեսզի չնույնացվի զինվորականների հետ: «Ավելի լավ է դառնաք լավ լրագրող, քան վատ զինվոր»,- ասաց նա և նշեց. «Լավ լրագրողը ողջ լրագրողն է»:

Հետաքրքրական էր նաև ռուսական Life.ru տեղեկատվական կայքի լրագրող Արթուր Մատվեևի դասախոսությունը: Նա խոսեց նյութը ընթերցողին հնարավորինս մատչելի և օբյեկտիվ մատուցելու կարևորության մասին:

Արթուր Մատվեևի հետ Yerkir.am-ի հարցազրույցը կհրապարակենք առաջիկայում:

Լուսանկարը՝ artsakhpress-ի