կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-17 11:11
Հասարակություն

Բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը կխստացվի. քննարկում՝ ԱԺ-ում

Բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը կխստացվի. քննարկում՝ ԱԺ-ում

ԱԺ-ն քննարկում է բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրինագիծ, որով սահմանվում է, որ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

Մեկ այլ կետով սահմանվում է` բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժել կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարցրեց` ինչո՞ւ է տարբերակվում բռնարարքը: «Տպավորություն է՝ մասնագիտացված, առանձնացված վերաբերմունք է դրսևորվում, այն դեպքում, երբ բռնարարքը հակաօրենսդրական է, և քրեական օրենսգրքով կա պատժի հստակ սահմանում»,- ասաց նա:

Օրենքի հեղինակներից՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ առաձնացնելու խնդիր կա, և հիշեցրեց, որ նման առաձին օրենքներ կան այլ մասնագիտությունների գծով, օրինակ` լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առանձին հոդված կա, նաև` զինծառայողների հետ կապված:

Ըստ Ավագյանի՝ 316 հոդված է սահմանված` հատուկ առաձնացված իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ, և քննարկվող օրինագծի շատ հարցեր հենց այդ հոդվածին են նմանացրել: Իսկ թե ինչո՞ւ հենց բժիշկների վերաբերյալ, ոչ թե` մանկավարժների, Ավագյանը բացատրեց, որ միայն բժիկներն են առաձին հոդվածներով պատասխանատվության ենթարկվում, եթե մասնագիտական սխալ են թույլ տվել, իսկ քանի որ կա պատասխանատվություն, նաև իրավունքի խնդիրն են փորձում առաջադրել: