կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 11:48
Հասարակություն

Կխստացվի անչափահասներին ծխախոտ վաճառելը, գիշերային ակումբ մուտք գործելու թույլտվությունը

Կխստացվի անչափահասներին ծխախոտ վաճառելը, գիշերային ակումբ մուտք գործելու թույլտվությունը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց անչափահասներին արգելված ապրանքների վաճառքի ու ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում` նարգիլե, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանք վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքներն անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված։

Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները եւս բավարար չեն, ավելին` նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ, եւ հստակեցված չեն գործառույթները։

Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց  երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ վաճառելու, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների խստացման կանոնակարգման, ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել կառավարության աշխատակազմին։