կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 13:02
Հասարակություն

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը արդյունավետ է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը արդյունավետ է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը բավականին արդյունավետ է և կարողանում է քիչ ուժերով նշանակալից արդյունքներ ապահովել»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է հոկտեմբերի 18-19-ը Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացած Եվրոպայի հայկական 4-րդ համագումարին և տարբեր հանդիպումների:

Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել է համագումարում քննարկված համահայկական նշանակություն ունեցող հարցերը, որոնց շուրջ ելույթ են ունեցել տարբեր փորձագիտական շրջանակներ, նաև Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծումը: Ելույթ ունեցողները, շեշտելով Հայ Դատի առաջնահերթությունները, իրենց զորակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

«Հոկտեմբերի 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել մեր պատվիրակության այցը Ֆլանդրիայի խորհրդարան: Ստեղծվել է Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Արցախի խորհրդարանի բարեկամության խումբը, որի մեջ ընդգրկված են ոչ միայն Ֆլանդրիայի խորհրդարանի, այլ նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի հոլանդախոս պատգամավորներ: Մյուսը Վալոնիա-Բրյուսել ֆրանկոֆոն խորհրդարանի հետ բարեկամության շրջանակի ստեղծումն է, որը կայացել է հոկտեմբերի 20-ին»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելել, որ նշված բարեկամական շրջանակների ստեղծումը միտված է, որպեսզի Արցախն իր ներկայանալի տեղն ունենա Եվրոպայում, ավելի շատ մարդիկ տեղեկացված լինեն Արցախի մասին:

Արցախից ժամանած պատվիրակությունը այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ գրասենյակի տնօրեն Դիոգո Պինտոյի գլխավորությամբ: Հանդիպումներին քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը՝ հատկապես մշակույթի, կրթության, գիտության, տնտեսական ոլորտներում: «Եթե կամաց-կամաց այս ամենը գործնական հողի վրա դրվի, ապա մենք բավականին հաջողություններ կունենանք: Մշակույթի, գիտության, կրթության ասպարեզում, տարբեր տնտեսական ճյուղերում համագործակցության միջոցով մարդիկ կճանաչեն Արցախը: Եվ այն կարծրատիպը, որ այստեղ հակամարտության գոտի է, կկոտրվի»,- շեշտել է ԱՀ ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով՝ բարեկամական խմբերի գոյությունը նաև նպաստում է, որպեսզի մարդիկ իրենց աչքով են տեսնեն Արցախը, երկրում առկա պետական կառավարման համակարգը:

Անդրադառնալով Եվրոպայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը, Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Բրյուսելը Եվրոմիության ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, և բնական է, որ այնտեղ ադրբեջանական լոբբինգը բավականին ակտիվ աշխատանք է տանում: Ճիշտ է, ադրբեջանական համայնքն այնքան էլ մեծ չէ, բայց այնտեղ լուրջ թուրքական համայնք կա:

Թուրք-ադրբեջանական լոբբինգը հակահայ գործունեություն է ծավալում, որի մեջ ներգրավված են նաև մի շարք քաղաքական գործիչներ: «Տվյալ պայմաններում ավելի է կարևորվում Հայ Դատի աշխատանքը: Գրասենյակի ծավալած արդյունավետ աշխատանքի վկայությունն է ԱՀ նախագահի կողմից ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելը»,- ավելացրել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

aparaj.am