կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 16:58
Տարածաշրջան

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավարևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նախակրթական դպրոցի տարածքում  աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել. տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել` «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»:

Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Նա լուսանկարել է գրառումը և հրապարակել  համացանցում: Լուսանկարը ծնողի կողմից նաև ուղարկվել է  Շըրնաքում գտնվող` Թուրքիայի կառավարության հանրային կապերի կենտրոնի մասնաճյուղ, որտեղ թեև ընդունել են լուսանկարի հետ կապված` ծնողի բողոքի դիմումը, այնուամենայնիվ, առայժմ որևէ ծառայողական քննություն չի սկսվել:

Թուրքական աղբյուրը նշում է, որ  այս հարցը նույնիսկ  Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP)` Շըրնաքից պատգամավոր Այջան Իրմեզի կողմից: Նա այդ թեմայով հարց է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազին. «Արդյո՞ք այդ ուսուցչի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Արդյո՞ք Ձեր նախարարությունը տեղյակ է այլատյաց ազգայնականների կողմից թղթի վրա արված զգուշացումների մասին:  Շըրնաքի դպրոցների աշակերտներին հրահանգվել է, որ նրանք չխոսեն քրդերեն»:

HDP-ի պատգամավորը հարցադրում է արել նաև այն մասին, թե արդյո՞ք դեպքի հետ կապված այժմ որևէ աշխատանք է տարվում, քանի որ տեղի ունեցածը հոգեբանական տրավմա է երեխաների համար, որոնց, փաստորեն, զրկում են մայրենի լեզվով խոսելու իրավունքից: