Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն արդեն երրորդ անգամ է հեռանում խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռ կայացնելու:
Պարզվում է` այս գործով դատաքննությունը երրորդ անգամ վերսկսելու պատճառը դատավորի չփարատված կասկածներն էին` կապված գործում առկա կարևորագույն ապացույցներից մեկի՝ տեսանկարահանման սարքերի արձանագրած կադրերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ դատարանն այսօր հրավիրել էր փորձագետի, ով պարզաբանում տվեց գործում առկա տեսանյութից վերցված լուսանկարների վերաբերյալ:
Դատավորը փորձագետից ճշտեց, թե տեսանյութում երևացող անձի հագուստի գույները հնարավո՞ր է տարբերակել, թե՞ ոչ: Ի պատասխան՝ մասնագետն ասաց, որ անձի հագուստի գույնը հնարավոր չէ որոշել, տեանյութում երևացող անձի հագուստը կարող է թե' մուգ և թե' բաց գույն ունենալ: Ըստ նրա՝ կադրերն արձանագրվել են արհեստական լույսի բացակայության պայմաններում, հետևաբար` հնարավոր չէ կոնկրետ բնութագրել հագուստների գույնը: Նշենք, որ, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները մեկնաբանվում են նրա օգտին:
Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը պետք է հրապարակվեր դեռևս հունիսի 22-ին, սակայն դատավորն անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Ինչպես բուն, այնպես էլ վերսկսված դատաքննության ժամանակ երկու մեղադրող դատախազներն Իսրայել Սարգսյանի համար 25 տարվա ազատազրկում էին պահանջել: Այսօրվա դատական նիստում ևս մեղադրող դատախազը պնդեց իր առաջարկած պատժաչափը:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հրաժարվեց վերջին խոսքից՝ ասելով. «Երկու անգամ արդեն վերջին խոսք ասել եմ, երրորդն ավելորդ է»:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:
Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: