կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 14:35
Քաղաքական

Դուք ընդդիմությանն էլ չեք կարողացել համոզել. Ռուստամյանը՝ «Ելք»-ին

Դուք ընդդիմությանն էլ չեք կարողացել համոզել. Ռուստամյանը՝ «Ելք»-ին

ԱԺ «Ելք» խմբակցության` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթե ոչ այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմավարական նշանակության շրջադարձ:

«Սա արվում է մի փաստաթղթով, որը շատ թերի է, որովհետև եթե մենք շրջադարձի մասին ենք խոսում, իսկ սա փաստացի շրջադարձ է, պետք է համոզվենք, որ դա կենսական անհրաժեշտություն է: Պետք է անվտանգության չափանիշով նայենք, որի թիվ մեկ անհրաժեշտությունն այսօր ունի Հայաստանը»,- հայտարարեց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով` անվտանգությունն ունի բոլոր բաղադրիչները` թե' տնտեսական, թե' քաղաքական և թե' մյուս առումներով: «Այստեղ չի ասվում` եթե մենք կտրենք այդ թելը, ի՞նչ կլինի մեր տնտեսության հետ, չկա այդպիսի վերլուծություն»,- ասաց նա:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ բացակայում է ռազմական բաղադրիչը: «Եթե ռազմատեխնիկական աջակցության հաշվեկշիռը ներկայացվի` Հայաստանը ստացել է այս տարածքից այսքան, այն տարածքից գրեթե 0, իսկ մենք կտրենք այդ թելը, ինչպե՞ս ենք լուծելու այդ դատարկ սյունակը: Սա գլխավոր հարցերից է, այսինքն` անվտանգության մասով որևէ հիմնավորում գոյություն չունի»,- շեշտեց պատգամավորը:

Նրա խոսքով` այս նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու: «Մենք դեմ ենք և մերժելու ենք: Նախ` ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար ժամանակը սխալ է ընտրված: ԵՄ-ն ինքն իր վերաբերմունքը փոխել է` «կամ, կամ»-ից հրաժարվել է և անցել «և,և»-ի, եւ մենք հիմա արհեստական սրում ենք «կամ, կամ»-ի հարցը ու զարմանում, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնում»,- ասաց Ռուստամյանը, ապա հավելեց. «Դուք ընդդիմությանն էլ չեք կարողացել համոզել, այստեղ կոնսենսուս  մինուս 1» է, որովհետև բացի «Ելք»-ից մնացած բոլոր ուժերը ճանապարհն ընդունում են»:

Ամփոփելով խոսքը` նա նշեց, որ եթե իշխանությունները համաձայնեն, դա կնշանակի, որ իշխանություններն օրակարգ են բերում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը, բայց, ըստ պատգամավորի, ընդհակառակը՝ պետք է զարգացնենք այն հնարավորությունը, ինչը ԵՄ-ն տալիս է: «Թող մեր մի գործընկերը հասկանա, որ մի դաշտում մենք խնդիրներ ունենք, և անի այնպես, որ այստեղ մենք հետ չընկնենք»,- եզրափակեց պատգամավորը: