կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 16:46
Իրավական

Դատական դեպարտամենտը խախտում է օրենքը

Դատական դեպարտամենտը խախտում է օրենքը

Այս օրերին լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով շահարկվող` տեղեկատվություն ստանալու իրավունքի հնարավոր սահմանափակման հարցը: Կարծիքներ են հնչում, որ նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկվող փոփոխությունները հետադիմական են և վտանգ կարող են ներկայացնել առաջին հերթին հենց լրատվամիջոցների համար: Բանն այն է, որ այսօր որոշ պետական կառույցներ հաճախ ոտնահարում են գործող օրենքի դրույթները, իսկ որոշակի «արտոնություններից» հետո նրանցից տեղեկատվություն ստանալը կդառնա իսկական պատուհաս:

Նմանօրինակ կառույցներից է, օրինակ, դատական դեպարտամենտը, որը, կոպտորեն խախտելով 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների դրույթները, երկու ամիս է` չի պատասխանել Yerkir.am-ի պաշտոնական գրավոր հարցմանը:

Դեռևս 11.07.2017թ.-ին Yerkir.am-ը դատական դեպարտամենտից հետաքրքրվել էր, թե որքան գումար է ծախսվել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկն ապակեպատելու համար: Հետաքրքրվել էինք նաև, թե ներկայումս ՀՀ –ում դատարանի` նման եղանակով կահավորված  քանի՞  դահլիճ կա, 2017թ.-ին քանի՞ դահլիճ է նախատեսվում կահավորել հիշյալ եղանակով, և որքան գումար է նախատեսվում հատկացնել նշված ծրագիրն իրականացնելու համար:

ՀՀ Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը մեզ հետ բանավոր զրույցում խոստացել էր մեր հարցմանը պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում: Ավելին` հավաստիացրել էր, որ հարցման պատասխանն արդեն ստացվել է, մնում է այն ուղարկել մեզ և այլն: Սակայն փաստ այն է, որ դեպարտամենտը ոչ միայն հետամուտ չի եղել մեր հարցման ճակատագրով, այլև հարկ չի համարել հետաձգման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնել մեզ՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Արդարության համար նշենք, որ կան գերատեսչություններ, որոնք տեղեկատվություն ստանալու առումով բաց ու թափանցիկ են: Օրինակ` ՀՀ նախագահի նստավայրը, արդարադատության նախարարությունը և այլն: Համեմատաբար փակ կառույց համարվող Ազգային անվտանգության ծառայությունն անգամ մեր հարցումներին պատասխանում է օրենքով սահմանված կարգով, սեղմ ժամկետներում: