Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար:
Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար պետական տուրքի վճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրությունը: Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200 ՀՀ դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները:
Կից ներկայացվում է Խախտման Որոշումը: Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասախան պետական մարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով:
Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագա կարգավորման հարցում: Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:
Պաշտպանի աշխատակազմ